Ակտիվ աշխատանքներ են ընթանում Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնման ուղղությամբ
Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը և խորհրդական Սուրեն Քեսեջյանը փետրվարի 10-ին Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունում մասնակցել են Իրանի Իսլամական Հանրապետության 45-րդ տարեդարձի տոնակատարությանը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից:
Շնորհավորելով Կապանում Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին, ներկա գործընկերներին ու Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի առթիվ՝ Հարությունյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստան-Իրան հարաբերությունները զարգանում են մեծ տեմպերով՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտները։
«Դրանք հարաբերություններ են, որոնք գալիս են դարերի խորքից, կերտվում են ներկայում և վստահ քայլերով նվաճում են նորանոր հորիզոններ։
Հատկանշական է, որ մեր երկրների հարաբերություններում ուրույն դերակատարություն ունի ՀՀ Սյունիքի մարզը, մասնավորապես՝ Կապան քաղաքը, որտեղ 2022 թվականից գործում է ԻԻՀ գլխավոր հյուպատոսությունը։ Իրանցի գործընկերների հետ այսօր առաջին անգամ ենք Կապանում նշում բարեկամ Իրանի ազգային տոնը, ու վստահ եմ որ ՀՀ և ԻԻՀ հարաբերությունների զարգացման գործում նշանակալի դրակատարություն է ստանձնելու նաև Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, որի հիմնման ուղղությամբ ընթանում են ակտիվ աշխատանքներ։
Հարգելի՛ գործընկերներ, Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության գործունեության ընթացքում վստահաբար զգացել եք ՀՀ և մասնավորապես Հայաստանի հարավային դարպաս Սյունիքի մարզի հոգատար աջակցությունը և իրանցի գործընկերների հետ համագործակցության պատրաստակամությունը, որի շնորհիվ տարբեր կազմակերպություններ պարբերաբար կազմակերպում ու իրականացում են ծրագրեր և համատեղ միջոցառումներ։
Մենք ուրախ ենք, որ մեր իրանցի գործընկերները ներգրավված են ողջ Հայաստանի առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային և մի շարք այդ ոլորտների տարբեր ծրագրերում, համոզված եմ, որ մեր համագործակցությունը կշարունակի իր վերընթաց զարգացումը, կընդլայնվի ապակենտրոնացված համագործակցության աշխարհագրությունը՝ ներառելով ՀՀ և ԻԻՀ նոր մարզեր, նահանգներ և համայնքներ։ Ցանկանում եմ վերստին շնորհավորել ձեզ և իրանի ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ՝ ցանկանալով խաղաղություն, բարեկեցություն և արգասաբեր աշխատանք», - իր ելույթում ասել է Սյունքիի մարզպետի տեղակալը։
Հանդիսավոր նիստին զուգահեռ Կապանի մշակույթի կենտրոնի ճեմասրահում նաև իրանական ձեռարվեստի ու արտադրանքի ցուցահանդես էր կազմակերպվել»։
#Դետքի_հետագծով
Հայ-իրանական հարաբերությունները մշտապես կրել են բարեկամական բնույթը, իսկ դա էլ ավելի ընդգծվեց 2020 թվականի նոյեմբերից հետո, երբ Իրանը սկզբունքային դիրքորոշում հայտնեց Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտման անթույլատրելիության հարցում։ Այս նպատակով կարևոր քայլ էր 2022-ի աշնանը Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը, ինչպես նաև Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսության ստեղծումը, որի բացումը կկայանա առաջիկա ամիսներին։
Թավրիզը Իրանի կարևորագույն քաղաքներից է, որտեղ առկա է զգալի ադրբեջանական ներկայություն, ուստի այնտեղ հյուպատոսություն ունենալն անհրաժեշտություն է ՀՀ-ի համար։
Ավելացնել նոր մեկնաբանություն