«Հորում լինեն քառսուն գազ խոր, թե ջաղացի քարի տակին, կելնեն ձեր դեմ, ինչպես էսօր, Սասնա Դավիթ, Թուր-Կեծակին»
Թշնամին կրկին կրակում է: Թշնամին չի դադարելու կրակել… Հայաստանը կրծած ոսկորի նման խրվել, մնացել է թշնամու կոկորդում. ո'չ կուլ է գնում, ո'չ էլ կարողանում է թքել-դուրս շպրտել: Ծամծմված ու կրծոտված մեր ոսկոր-հայրենիքը, որ դարերով կարծրացել է, պնդացել, և որից ազատվել չի լինում:
2020-ից հետոն կորստի մասին է. կորսված հայրենիքի և կորսված ժամանակի, որը պետք է օգտագործվեր ոտքի կանգնելու և ուժեղանալու, հայրենիքի սահմանները մետր առ մետր պարսպապատելու և հայրենիքը ամրոց դարձնելու համար: Մեր պայքարը կիսատ է, և դա մեզանից լավ գիտի մեր թշնամին: Այսօրվա նրա ամեն գործողությունը հայի դեմ է, իր հողին ու հայրենիքին ներաճած այն տեսակի, որի համար նոյեմբերի 9-ը և սեպտեմբերի 19-ը դատավճիռ չեն:
Հարվածում են բանակին, հարվածում են եկեղեցուն, կրթությանը, մշակույթին, պատմությանը… հայ մնալու բոլոր թելերը մկրատի սայրերի արանքում են: Կորուստ, թե փրկություն` կախված է միայն մեզանից: Փրկությունը դրսից չի լինելու, փրկությունը մեր մեջ է` պայքարի ոգու, սեփական ուժերը ճանաչելու և տեղին օգտագործելու մեջ:
Թշնամին շտապում է, որովհետև մեզանից լավ է ճանաչում մեզ, գիտի` «հորում լինի քառսուն գազ խոր, թե ջաղացի քարի տակին», Թուր Կեծակին կարող է ճեղքել ու դուրս գալ` երկու կես անելով Մըսրա Մելիքին: Նա գիտի վրեժի մասին:
Սակայն ինչպես ենք մենք ինքներս պատկերացնում մեր վրեժը և ինչ ունենք անելու այդ ուղղությամբ: Հայ մեծանուն արձակագիր Պերճ Զեյթունցյանը իր մի հարցազրույցում ասում է. «Վրեժի լավագույն ճանապարհը բարեկեցիկ երկիր կառուցելն է թուրքի քթի տակ` բարոյապես ուժեղ, կեղտից ու աղբից մաքրված, որպեսզի հայը ոչ թե արտագաղթի, այլ ուզենա հայրենիք վերադառնալ: Եթե այս գիտակցությունը գերիշխի մեզանում, դառնա միասնական կամք, մենք մեր վրեժը լուծած կլինենք գոնե մասամբ... անկախությունը բացարձակ արժեք է յուրաքանչյուր ազգի համար, սակարկության ենթակա չէ, չի կարելի անկախությանը, պետականությանը դեմ խոսել, վիճել անկախության շուրջ, ամոթ է…։ Գրականության մեջ և կյանքում առհասարակ ես ունեմ մի սկզբունք՝ սիրել հայրենիքն այնպես, ինչպես այն կա: Հայրենիքը պետք է սիրել, սիրել բաց աչքերով»։
Ուրեմն մնում է դուրս գալ խեղճության և վախկոտության ճահճից, ազատվել խաղաղության կեղծ պատրանքից, դառնալ բռունցք և ամրոց դարձնել մեր հայրենիքը: Միայն այդժամ խաղաղ կապրեն մեր հաջորդ սերունդները:
Ավելացնել նոր մեկնաբանություն