Իրանն աջակցում է Իրաքի կայունությանը և անվտանգությանը
Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանության ղեկավար Ղոլմհոսեյն Մոհսենի-Էջեին Բաղդադում Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա ալ Սուդանիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանն աջակցում է Իրաքի կայունությանը, անվտանգությանն ու առաջընթացին: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում Իրանի և Իրաքի երկու պաշտոնյաները քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները։
Անդրադառնալով Գազայի հատվածի դեմ իսրայելական ռեժիմի կողմից իրականացվող պատերազմին՝ Էջեին ընդգծել է, որ իսլամական երկրները պետք է ուժեղացնեն քաղաքական ճնշումը՝ Գազայի բնակիչների սպանությունը դադարեցնելու համար։ Նրա խոսքով՝ իսլամական ողջ աշխարհը պետք է ոտքի կանգնի սիոնիստական պատերազմի մեքենայի դեմ։
Ղոլմհոսեյն Մոհսենի-Էջեին միևնույն ժամանակ անդրադարձել է իրան-իրաքյան հարաբերություններին։ Նա ընդգծել է Իրանի և Իրաքի միջև անվտանգության համաձայնագրերի լիարժեք իրականացման և ահաբեկիչներին համակողմանիորեն դիմակայելու անհրաժեշտությունը, որոնց թշնամիները հանձնարարել են սպառնալ երկու երկրների անվտանգությանը։
Իրաքի վարչապետն իր հերթին ասել է, որ Իրաքն Իրանի անվտանգությունը համարում է իր սեփական անվտանգությունը։ «Մենք թույլ չենք տա, որ Իրաքի ներսից գործողություններ ձեռնարկվեն Իրանի անվտանգության դեմ»,- ասել է Սուդանին՝ հավելելով Իրանի և Իրաքի, ինչպես նաև Պաղեստինին աջակցող այլ երկրների միջև տարածաշրջանային ու միջազգային հարթակներում համակարգման մեծացման անհրաժեշտությունը։
#Դետքի_հետագծով
Վերջին շրջանում Իրանի և Իրաքի հարաբերություններում որոշակի լարվածություն էր առաջացել այն բանից հետո, երբ հունվարի 16-ին Իրանի զինուժը հրթիռակոծել էր Իրաքյան Քուրդիստանի տարածքը։ Ներկայումս երկու երկրները ձգտում են կարգավորել հարաբերությունները և թույլ չտալ, որ դրանցում լարվածության միտումները խորանան։
Ավելացնել նոր մեկնաբանություն