Submitted by D.Guyumjyan on
դետք

Զատուլինն Ադրբեջանի վերջին հարձակումը ճնշման փորձ է անվանել

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ Ադրբեջանի ռազմական գործողությունը սահմանին Հայաստանի վրա ճնշում գործադրելու փորձ է։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Զատուլինն ասել է «Lenta.ru»-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների վերջին սրացմանը և խոսելով խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարների մասին։

Պատգամավորի խոսքով՝ առճակատման նոր դրվագը հերթական անգամ մեծացնում է լարվածությունը ավանդաբար թշնամական համարվող երկրների հարաբերություններում։

«Ինձ համար դժվար է դատել, թե ով է ճիշտ, ով է սխալ՝ այն տեսանկյունից, թե ով է առաջինը սկսել, ինչպես ասում են բակում ծեծկռտուքից առաջ, բայց ով էլ առաջինը սկսած լինի, ակնհայտ է, որ Ադրբեջանը դա օգտագործել է որպես ուժի ու վրեժի դրսևորման պատրվակ, և այսօր այս տեղեկությունը տարածում է որպես հերթական հաղթանակ Հայաստանի հետ դիմակայությունում։ Իհարկե, այս հռետորաբանությունն ակնհայտորեն պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակ չունի, ամենայն հավանականությամբ ճնշում գործադրելու փորձ է»,- ասել է Զատուլինը։

Վերջինիս համոզմամբ՝ Ադրբեջանը շահագրգռված է, որ Հայաստանը ինչքան հնարավոր է շատ զիջի ցանկացած համաձայնագիր ստորագրելիս։ Նա նշել է, որ Բաքուն դադար է վերցրել նախագահական ընտրություններ անցկացնելու համար, որի ժամանակ Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևը կրակի վրա յուղ է լցրել՝ քվեարկելով Ստեփանակերտում, որը տեղացիներն անվանում են Խանքենդի, և որտեղ հայ բնակչություն չկա։

«Ես Ադրբեջանի ընտրությունների դեմ ոչինչ չունեմ, սա իրենց ներքին խնդիրն է, բայց այս ընտրությունները շատ խմորված էին հաղթողի սինդրոմով, ինչը հաստատվեց Ալիևի քվեարկությամբ Ստեփանակերտում։ Սա, կարծում եմ, արտացոլումն է այն բանի, որ, ըստ ամենայնի, այս պահին չկան խաղաղության պայմանագրի ստորագրման, տարածքային ամբողջականության ճանաչման և այլնի մթնոլորտ ու կոնկրետ պայմաններ։

Դրա շուրջ հակասությունները շարունակվում են, և տրամաբանական հարց, որը ծագում է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, այն է` Փաշինյանի կառավարությունը, որը ճանաչեց Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, հրաժարվեց իր հայրենակիցների բոլոր աջակցությունից, կուլ տվեց զանգվածային արտագաղթը Ղարաբաղից և բացի դրանից` սրեց հարաբերությունները Ռուսաստանի հետ, ի՞նչ շահեց նա այդ ճանապարհին, եթե չկա նոր հրաշալի աշխարհ, բայց կան այնպիսի բախումներ, ինչպիսին երեկ և այսօր է։ Ըստ երևույթին, մենք շատ հեռու ենք Անդրկովկասում իրական խաղաղությունից»,- ասել է նա:

Զատուլինը հավելել է, որ միակողմանի հաղթանակները, ինչպես Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Ղարաբաղի շուրջ ձեռք բերված հաղթանակները, չեն հանգեցնում անհապաղ խաղաղության, այլ նոր հակամարտությունների և առճակատման դրվագների սերմեր են դնում։

#Դետքի_հետագծով

Տևական դադարից հետո Ադրբեջանը փետրվարի 13-ին սադրանք իրականացրեց Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի հայկական դիրքերի դեմ, որի հետևանքով 4 հայ զինծառայող զոհվեց, ևս 1-ը՝ վիրավորվեց։ Այս իրողությունն առաջացրել է տարբեր դերակատարների, այդ թվում` Զատուլինի արձագանքը, որոնք կարևորում են իրավիճակի հետագա սրումը կանխելը։ 


 

Ավելացնել նոր մեկնաբանություն