ս

Անվտանգային հարցերի քննարկման շոուների առաջին զոհերից մեկն էլ մենք ենք. քաղաքագետ

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Նավալնու մահը փրկեց Մյունխենի անվտանգության միջազգային հերթական կոնֆերանսի դեմքը: Հանրությունը սպասում էր լուրջ քննարկումների և լուծումների, որոնք կարող էին մեղմել պատերազմի օջախների շուրջ ձևավորված բարդ առճակատումները ուժային կենտրոնների միջև: Տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվում Գազայի հատվածում, խափանվել են միջազգային կապուղիները Կարմիր ծովի շրջանում, զոհերի թիվն արդեն հարյուր հազարներով է հաշվվում Ուկրաինայում, այստեղի պատերազմը խափանել է հացահատիկի մատակարարումները և դարձել գլոբալ պարենային ճգնաժամի պատճառ: Պատերազմի եզրին են Արևմուտքի հետ Իրանը, Ադրբեջանի հետ Հայաստանը, Իսրայելի հետ Սիրիան և այլն: Որ շարունակենք թվել, կհասկանանք, որ ջերմամիջուկային զենքի կործանիչ պաշարների առկայության պարագայում նման պատերազմածին միջազգային կարգը որքան է մոտեցրել քաղաքակրթության ոչնչացման վտանգը: Եվ այս վտանգի առկայության պայմաններում «անվտանգային» կոնֆերանսին չեն հրավիրվել Ռուսաստանն ու Իրանը, նախատեսնված չէ հանդիպում Ալիևի և Փաշինյանի միջև, ուկրաինական թեման դարձել է կործանվող դեմոկրատիայի փրկության թեմա, ես այստեղ չեմ հասկանում, թե մեռնող մարդու համար ինչ կարևորություն ունի դեմոկրատիայի պայմաններում է ինքը հեռանում կյանքից, թե բռնապետության:

Մյունխենի կոնֆերանսի մասնակից բարձրաստիճան այրերը ականջակալներով զինված լուրջ դեմքերով ոտքի կանգնած ծափահարում են Նավալնիի այրուն, այնինչ համաշխարհային հանրությունը լուծումներ է ակնկալում: Լուծումները չկան և չեն կարող լինել, որովհետև այստեղ խաղաղության և անվտանգության հարցերի քննարկումները արդեն երկար ժամանակ է, որ հիշեցնում են ինչպես, որ մեծ երգիծաբան Պարոնյանը կասեր «լույս կետերի մթնեցման և մութ կետերի լուսաբանման»: Եվ այս անլուրջ վերաբերմունքը և անվտանգային հարցերի քննարկման շոուների առաջին զոհերից մեկն էլ մենք ենք, մեր արցախյան առաջին և երկրորդ պատերազմներով, բռնագաղթով և նոր պատերազմի սպասելիքներով:

Ցավալի է, որ մարդ է մահացել իր քաղաքական հայացքների համար, բայց ցավալի է առավել հարյուր հազարների մահը ուկրաինական և մերձավորարևելյան ճակատներում և այլուր: Միջազգային կարգը մոտեցել է անլրջության ամենացածր մակարդակին, մարդու թիվ մեկ իրավունքը՝ կյանքի իրավունքը ճզմվել է մարդու իրավունքների համար «պայքարողների» ոտքի տակ»:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն