Իրանի նախագահը ԱՄՆ-ին մեղադրել է Գազայում ցեղասպանության մեջ
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ԱՄՆ-ին մեղադրել է Գազայի հատվածում ցեղասպանության մեջ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ ավելի վաղ ԱՄՆ-ն վետո է կիրառել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի վրա, որը պահանջում է անհապաղ զինադադար հաստատել պաղեստինյան անկլավում:
«Այսօր, անկասկած, Միացյալ Նահանգները չարիքի կենտրոնն է ողջ աշխարհում, Գազայի հատվածում հանցագործությունների և ցեղասպանության հիմնական մեղավորը և պատասխանատու է այդ հանցագործությունների շարունակության համար, ողջ աշխարհը պետք է դատապարտի այդ գործողությունները»,- ասել է Իրանի նախագահը:
Ըստ Իրանի նախագահականի մամուլի ծառայության՝ Ալժիրի ներկայացրած բանաձևի նախագիծը պահանջում էր անհապաղ զինադադար պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում։ Այն նաև մերժում է պաղեստինցի խաղաղ բնակիչների բռնի տեղահանումը և ընդգծում երկու պետությունների ստեղծման ճանապարհով պաղեստինյան հարցի լուծման հանձնառությունը:
Փետրվարի 20-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քվեարկության ժամանակ բանաձևի նախագծին կողմ են արտահայտվել ԱԽ 15 անդամներից 13-ը, այդ թվում՝ Ռուսաստանը և Չինաստանը, Մեծ Բրիտանիան ձեռնպահ է մնացել։ ԱՄՆ-ն արգելափակել է փաստաթղթի ընդունումը՝ օգտագործելով վետոյի իրավունքը։
#Դետքի_հետագծով
Չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին՝ Իսրայելի վարչակազմը չի դադարեցնում իր ռազմական գործողությունները Գազայի հատվածի դեմ։ Այս նպատակով իսլամադավան երկրները ձգտում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Իսրայելի դեմ բանաձև ընդունել, որը հերթական անգամ տապալվեց այդ երկրի գլխավոր դաշնակից ԱՄՆ-ի կողմից, որը ԱԽ մշտական անդամներից մեկն է։
Ավելացնել նոր մեկնաբանություն