Իրանահայերը գիտակցաբար մասնակցելու են առաջիկա խորհրդարանական ընտրություններին. Արա Շահվերդյան
Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի հայազգի պատգամավոր Արա Շահվերդյանը հայտարարել է, որ իրանահայ համայնքը ակտիվ մասնակցություն կունենա մարտի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ես։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական «ParsToday» լրատվական գործակալությունը։
«Անշուշտ, այս տարվա ընտրությունների ժամանակ իրանահայությունը գիտակցաբար մասնակցելու է ընտրություններին»,- ասել է Շահվերդյանը Իրանի ԶԼՄ-ների 24-րդ ցուցահանդես կատարած այցելության ժամանակ։
Իրանահայ պատգամավորը կարևորել է Իրանի կրոնական փոքրամասնությունների առավելագույն մասնակցությունը խորհրդարանական և Բանիմացների խորհրդի ընտրություններին։
«Հայ համայնքն ակտիվ մասնակցություն կունենա այս տարվա ընտրություններին որպես կարևոր ու վճռորոշ ասպարեզ, և այս ընտրությունների արդյունքը դա ցույց կտա։ Ի հեճուկս նրան, թե ինչ են ասում Իրանից դուրս աշխատող լրատվամիջոցներն ու թշնամիները` փորձելով հուսահատություն և հուսալքություն տարածել ժողովրդի մեջ, հայ ժողովուրդը գիտակցաբար մասնակցելու է ընտրություններին»,- նկատել է նա։
Շահվերդյանի խոսքով` Իսլամական հեղափոխության հաղթանակի հենց սկզբից հայ համայնքն ակտիվ մասնակցություն է ունեցել բոլոր ասպարեզներում։
#Դետքի_հետագծով
Մարտի 1-ին Իրանում խորհրդարանական ընտրություններ կկայանան, որոնք չափազանց կարևոր նշանակություն ունեն այդ երկրի քաղաքական կյանքում։ Իրանահայությունը` որպես երկրի Սահմանադրությամբ ամրագրված ազգային փոքրամասնություն, նախատեսում է ակտիվ մասնակցություն ունենալ այդ ընտրություններին և գալիք խորհրդարանում նույնպես իր պատգամավորներն ունենալ։
Ավելացնել նոր մեկնաբանություն