Submitted by H.Minasyan on
Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կոչ է արել Հայաստանին փոխել սահմանադրությունը

Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կոչ է արել Հայաստանին փոխել Սահմանադրությունը

Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան կոչ է արել Հայաստանին փոխել Սահմանադրությունը և հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ «տարածքային պահանջներից»։

Նա կոչն արել է փետրվարի 22-ին Բաքվում կայացած Ասիական խորհրդարանական վեհաժողովի 14-րդ լիագումար նիստում ունեցած ելույթի ժամանակ։

Գաֆարովան ասել է, որ Ադրբեջանի առաջարկը Հայաստանին` կարգավորել հարաբերությունները և ստորագրել խաղաղության պայմանագիր, հիմնված է «միջազգային իրավունքի հիմնական սկզբունքների վրա»:

Նա հիշեցրել է, որ օրեր առաջ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել երկկողմ հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։

Ըստ Գաֆարովայի` խաղաղության պայմանագրի բանակցությունների և սահմանների սահմանազատման վերաբերյալ հանդիպումների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները կարելի է գնահատել որպես դրական քայլ:

«Հուսով ենք, որ Հայաստանը զերծ կմնա սադրանքներից, կողմնակալ երրորդ կողմերի մասնակցությունից և Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ նկրտումներից, որոնք արտացոլված են Հայաստանի Սահմանադրությամբ և այլ օրենսդրական ակտերում: Տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության միակ ճանապարհը հարևանների հետ հարաբերությունների հաստատումն է»,- եզրափակել է նա:

Ավելացնել նոր մեկնաբանություն