Submitted by D.Guyumjyan on
դետք

Մոսկվայում Իրանի դեսպանը դրական է գնահատել Իրանի՝ գազային բևեռ դառնալու ծրագրում Ռուսաստանի մասնակցությունը

Ռուսաստանի Դաշնությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Քազեմ Ջալալին դրական է գնահատել էներգետիկ ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարը և Իրանի՝ գազային բևեռ դառնալու ծրագրում ռուսական կողմի մասնակցությունը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

Դեսպանը շեշտել է՝ Իրանը և Ռուսաստանն ընդհանուր ռազմավարական շահեր ունեն երկկողմ ոլորտներում, հատկապես տնտեսական, ռազմական և անվտանգության հարաբերություններում։ Նա նաև կարևորել է միջազգային հարցերում երկու երկրների փոխգործակցությունը, այդ թվում՝ ԱՄՆ-ի միակողմանիության դեմ պայքարում, ինչը վերջին տարիներին երկու կողմերի սերտ համագործակցության հիմնական գործոններից է եղել։ 

Քազեմ Ջալալին Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի միջև տնտեսական ու առևտրային համագործակցության 17-րդ մշտական ​​հանձնաժողովի անցկացման նախօրեին ասել է, որ Իրանը և Ռուսաստանը համագործակցում են տարբեր, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում, որը կարող է ընդլայնվել. ««Հյուսիս-հարավ» միջանցքում  իր դիրքի և կարողությունների շնորհիվ Իրանը կարող է մեծ կենտրոն լինել Ռուսաստանի արտահանման և ներմուծման համար»։

Ըստ իրանցի դիվանագետի՝ Իրանը պատրաստ է ավելի զարգացնել Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության ներկայիս մակարդակը։

#Դետքի_հետագծով

Ռուսաստանի Դաշնությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունն ունեն բազմաթիվ ընդհանուր շահեր, ինչը նպաստում է այս երկրների միջև փոխգործակցության խորացմանը։ Այս համագործակցության միտումներն էականորեն ընդլայնվեցին 2022-ի փետրվարից հետո, երբ Ուկրաինա ներխուժելու համար Ռուսաստանի դեմ բազմաթիվ պատժամիջոցներ կիրառվեցին, և վերջինիս անհրաժեշտ էր չեզոքացնել դրանց հետևանքները։

Ավելացնել նոր մեկնաբանություն