Թուրքիա-Հայաստան կարգավորումը դարձել է Ադրբեջանում իշխող վարչակարգի կամակոր քաղաքականության գերին․ փորձագետ
Տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանը թուրքական «BirGün» պարբերականի հետ զրույցում այդ երկրի լսարանի համար մեկնաբանել է նաև Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացի ներկա շրջափուլը։
«Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման միակ խոչընդոտը Անկարայի քաղաքական առաջնահերթություններն են՝ Ադրբեջան-Հայաստան կարգավորման նախապայմանը որպես Հայաստանի հետ հարաբերությունների անքակտելի բաղադրիչ ներկայացնելը։
Իսկ այս բանաձևը փակուղային է, քանի որ, ինչպես արդեն նշեցի, Ադրբեջանը որևէ կերպ չի ցանկանում կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ անընդհատ առաջ մղելով այնպիսի պահանջներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի ռազմավարական շահերի հետ։ Խոսքը, օրինակ, «Արևմտյան Ադրբեջան» ձևակերպման տակ ամբողջ Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնություններն են, միջանցքային ձևաչափով ճանապարհի պահանջը, «անկլավների», Հայաստանի օրենսդրության մասին խոսակցությունները և այլն։
Ուստի միանշանակ է, որ Թուրքիա-Հայաստան կարգավորումը, բայց հատկապես Թուրքիայի հարավկովկասյան քաղաքականությունը դարձել են Ադրբեջանում իշխող վարչակարգի կամակոր քաղաքականության գերին՝ դրանով իսկ սահմանափակելով նաև Անկարայի քաղաքական հնարավորությունները՝ նման կարևոր ժամանակահատվածում դառնալով ռազմավարական կորուստների պատճառ։ Քանի որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը միանշանակորեն ավելի կընդլայնի Հարավային Կովկասի տարածաշրջանում առաջացած ազդեցության վակուումը լցնելու մրցավազքի նոր շրջափուլին Թուրքիայի մասնակցության հնարավորությունը, որից Անկարան, կարծես, որոշակիորեն դուրս է մնացել»։
Ավելացնել նոր մեկնաբանություն