Տարածաշրջանում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է մի կողմ դնել տարաձայնությունները. Սերդար Քըլըչ
«Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ բանակցությունների վերաբերյալ որոշում պարտադրելու փորձերն անարդյունավետ են և անօգուտ, ինչպես դա եղել է երեսուն տարի»,- այս մասին հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը «Խաղաղությունը, զարգացումը և փոխկապակցվածությունը Հարավային Կովկասում» թեմայով 3-րդ դիվանագիտական ֆորումի շրջանակում քննարկվող պանելում:
Քըլըչը կարծում է, որ կայունացումը և խաղաղության ու անվտանգության հաստատումը կարևոր են ոչ միայն Հարավային Կովկասի, այլև եվրատլանտյան տարածաշրջանի բոլոր երկրների համար։
«Ես գիտեմ, որ այս հարցը մեկ օրում չի լուծվի, բայց եթե կա ցանկություն, եթե կա քաղաքական կամք՝ հասնելու լուծման և խաղաղություն ու անվտանգություն հաստատելու տարածաշրջանում, մենք կարող ենք բավական ստեղծագործ լինել այս լուծումը գտնելու համար»,- հայտնել է Քըլըչը:
Ըստ հատուկ ներկայացուցչի` պետք է մի կողմ թողնել որոշ տարաձայնություններ և կենտրոնանալ այն հարցերի վրա, որոնք կարող են համախմբել մարդկանց։
«Կարծում եմ, որ 2020 և 2023 թվականների իրադարձություններից հետո այժմ հայտնվել է հնարավորությունների պատուհան, քանի որ տարածաշրջանում ռազմավարական փոփոխություններ են տեղի ունենում, և մենք պետք է օգտվենք դրանից»,- ընդգծել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն