Հայաստան-Եգիպտոս համագործակցության իրատեսական ակնկալիքները
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Հայաստան-արաբական ուղղություն հարաբերությունները պետք է դիտարկել մեկ ընդհանուր տրամաբանության մեջ, բայց 22 առանձին մոտեցումներով՝ ամեն արաբական երկրի հետ յուրօրինակ օրակարգի մշակմամբ։
Ընդհանուր տրամաբանությունն է քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններն առարկայացնել տնտեսական ակտիվությամբ։ Փոխհամագործակցության հենց այս բանաձևն է, որ կարող է ունենալ ածանցյալ այլ բաղադրիչներ, հատկապես անվտանգային։ Այսինքն՝ Երևանի կողմից որդեգրված քաղաքական, տնտեսական, անվտանգության համակարգերի համալիր բազմազանեցման քաղաքականության համատեքստում արաբական ուղղության ամենագործուն ներգրավվածությունը կարող է լինել արաբական առանձին երկրներից կապիտալի/ներկայության երաշխավորումը Հայաստանում, ինչպես նաև հայաստանյան տնտեսվաարողների համար նոր շուկաներ և դրանց հասանելիությունն ապահովող ենթակառուցվածքների նախապատրաստումը։ Դա էլ իր հերթին ենթադրելու է որևէ արաբական երկրի ներդրում Հայաստանի անվտանգության համակարգում՝ կապիտալի պաշտպանության օբյեկտիվ պարտավորության տեսքով։
Այս համատեքստում կարևորագույն պայման է Հայաստանը և տարածաշրջանը ոչ թե պոտենցիալ հակամարտության գոտի, այլ հակառակը՝ խաղաղության և համագործակցության միջավայր ներկայացնելը՝ առայժմ գոնե դեպի ԵԱՏՄ, իրանական շուկաներ արտոնյալ պայմաններով մուտք գործելու հնարավորությունների շեշտադրմամբ»։
Ավելացնել նոր մեկնաբանություն