Կանանց դերը բանակում
Կանայք ծառայում են մի շարք երկրների բանակներում` ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Շվեդիա, Շվեյցարիա, Նիդեռլանդներ, Բելգիա, Դանիա, Նորվեգիա, Լյուքսեմբուրգ, Շրի Լանկա, Պորտուգալիա, Իսրայել, Իսպանիա, Հունաստան, Թուրքիա, Պակիստան, Հնդկաստան, Չինաստան, Հյուսիսային Կորեա և այլն:
ԱՄՆ
Մինչև 1948 թ. կանայք կարող էին ծառայել միայն պատերազմի ժամանակ, սակայն 1948 թ. ընդունված «Զինված ուժերում կանանց ինտեգրման մասին» օրենքում կանանց սկսեցին ընդունել նաև խաղաղ պայմաններում: 1992 թվից կանանց օրենքով չի արգելվում դառնալ մարտական օդաչուներ, իսկ 1993 թ.-ից` նաև ծառայել մարտական նավերի վրա: 1976 թ.-ից կանայք կարող են ընդունվել Պաշտպանության նախարարության բոլոր ուսումնական հաստատությունները` ներառյալ նաև ռազմական ակադեմիաները:
Կանանց արգելվում է անմիջական մասնակցություն ունենալ մարտական գործողություններին, ծառայել հատուկ նշանակության ուժերում: Անկախ այս արգելքի գոյությունից` միայն Իրաքի և Աֆղանստանի պատերազմների ժամանակ զոհվել է 140 ամերիկացի կին զինծառայող, ավելի քան 860-ը վիրավորվել են: 2012 թ. Պենտագոնը հայտարարեց, որ կմեղմացնի ռազմական գործողություններին կանանց մասնակցության սահմանափակումները:
Ներկայումս ԱՄՆ-ի 1.5 միլիոնանոց բանակի 14.5%-ը կանայք են: 2009 թ. տվյալներով` կին զինծառայողների շարքերում եղել են 100 գեներալ, 55 հազար սպա, 280 հազար զինվոր և սերժանտ:
ԻՍՐԱՅԵԼ
1959 թվականից օրենսդրորեն ամրագրված է երկու սեռերի պարտադիր զինվորական ծառայությունը: Զորակոչվում են 18-24 տարեկան չամուսնացած կանայք: Իսրայելի պաշտպանության բանակի առաջին Կանանց կորպուսը ստեղծվել է 1948 թ.-ից: 1995 թ.-ից կանայք իրավունք ստացան ծառայելու նաև ռազմաօդային ուժերում, իսկ 2000 թ.` մարտական ստորաբաժանումներում: Այժմ Իսրայելի պաշտպանության բանակի մոտ 33%-ը կանայք են:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
1653 թ. Անգլիայում հայտնվում են կանանց առաջին ռազմական հոսպիտալները, որտեղ աշխատում էին զինվորների կանայք: 1917-1919 թթ. անգլիական զինված ուժերում ձևավորվում են Կանանց թագավորական ռազմաօդային ուժերը, Ռազմածովային ուժերի թագավորական օժանդակ կորպուսը և ավտոտրանսպորտի հատվածի Կանանց լեգեոնը` ընդհանուր 100 հազար հոգի թվաքանակով:
ԿԱՆԱԴԱ
1895 թ.-ից կանայք սկսում են ծառայել տղամարդկանց հետ հավասարապես՝ որպես լիիրավ զինծառայողներ ոչ միայն ապահովման ծառայությունում, այլև մարտական զորամասերում, ինչը շարունակվում է մինչ օրս:
ՀՆԴԿԱՍՏԱՆ
1990-ականներից կանանց թույլատրել են ծառայել բոլոր զորատեսակների ոչ մարտական ստորաբաժանումներում: 2010 թ. տվյալներով՝ հնդկական բանակում ծառայում է 1012 կին սպա:
ԳԵՐՄԱՆԻԱ
1975 թ. կանանց թույլատրվեց ծառայել սանիտարական զորքերում, իսկ որոշ ժամանակ անց` նաև ռազմական նվագախմբերում: 2001թ.-ից գերմանուհիները կարող էին ծառայել բոլոր ռազմական մասնագիտություններով և բոլոր զորատեսակներում՝ ներառյալ դեսանտային զորքերը, ստորջրյա նավատորմը և ռազմաօդային ուժերը: Կանայք կազմում են անձնակազմի 8.9%-ը` 16.900 հոգի (2010 թ.), որոնցից 2600-ն ունեն սպայական կոչում:
ԼԵՀԱՍՏԱՆ
Այս երկրում կանայք պարտադիր զինծառայության չեն զորակոչվում, բայց իրավունք ունեն ծառայության անցնելու կամավոր հիմունքներով: Մինչև 1999 թ. կանանց զինծառայության էին ընդունում միայն բացառության կարգով և հատուկ պայմաններով: 2011 թ. տվյալներով՝ լեհական զորքերում կանայք կազմում են զինծառայողների ընդհանուր թվի 1.2%-ը (962 հոգի), որոնցից 550-ը` սպա, 355-ը` սերժանտ, 57-ը` շարքային:
ԻՏԱԼԻԱ
1999 թ. ընդունվել է օրենք, որը թույլ է տալիս կանանց համալրել զինված ուժերի շարքերը: Իտալուհիները կարող են ծառայել ԶՈՒ ցանկացած ստորաբաժանումներում` բացի ստորջրյա նավատորմից և հատուկ նշանակության ջոկատից: Այժմ կանանց թիվը ցամաքային զորքերում կազմում է անձնակազմի 6.3%-ը, ռազմածովային ուժերում` 3.8%, ռազմաօդային ուժերում` 1.6%-ը:
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուս կին զինծառայողների թիվը եղել է 25 հազար, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ` մոտ 1 մլն: Այս պատերազմների ժամանակ ստեղծվել են միայն կանանցից բաղկացած մարտական զորամասեր:
2012 թ. տվյալներով՝ ՌԴ ԶՈՒ-ում ծառայում է մոտ 50 հազար կին, նրանց 1.5%-ը զբաղեցնում է առաջնային հրամանատարական պաշտոններ: Կին զինծառայողները պայմանագրային ծառայության են անցնում նաև շարքային ու սերժանտական կազմում գործնականում բոլոր տեսակի զորքերում, միավորումներում և զորամասերում:
ՍԿԱՆԴԻՆԱՎԻԱ
Այստեղ կանայք ծառայում են տղամարդկանց հետ հավասար պայմաններում և կարող են մասնակցել մարտական գործողությունների: Կին կադրային զինծառայողները ԶՈՒ կազմում. 4%` Նորվեգիայում, 6%` Շվեդիայում, ժամկետային զինծառայողների թվում` 1.5%:
Չինաստանի բանակում կանանց հստակ թիվը և տոկոսն անհայտ են, սակայն հայտարարվում է, որ նրանց թիվը մարտական զորամասերում աճել է: Վերջերս ստեղծվել է միայն կանանցից բաղկացած հատուկ նշանակության առաջին ջոկատը:
Հարավային Կորեայում կանայք ռազմական ակադեմիա ընդունվելու իրավունք են ստացել 1998 թ.-ից: Այժմ ծառայում է 2900 կին սպա:
Հյուսիսային Կորեայի մասին բաց տեղեկություններ չկան, սակայն, միջազգային փորձագետների գնահատականներով, կանայք կարող են կազմել բանակի 10%-ը:
ԹՈՒՐՔԻԱ
1955 թ.-ից կանանց սկսել են ընդունել ռազմական ակադեմիա, 1957 թ.-ից նրանք սպայական կոչում ստանալու իրավունք են ստացել: Այժմ թուրքական զորքերում ծառայում է 1600 կին:
Ավելացնել նոր մեկնաբանություն