եհբ

Ադրբեջանի պահանջն անկլավները չեն. ինչո՞ւ է թշնամին թիրախավորել սահմանի տավուշյան հատվածը

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը տելեգրամյան ալիքում գրում է

«Փոքրիշատե կազմակերպված դիմադրություն ցույց տալու դեպքում Ադրբեջանին երբեք չի հաջողվի անգամ մեկ քառակուսի մետր հող գրավել Տավուշում։ Հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածը միակն է, որտեղ դեռևս պահպանվել է նախապատերազմյան իրավիճակը։ 

Ավելին, սա այդ սահմանի այն հատվածն է, որը անվտանգային մեծ առավելություն է տվել մեզ ոչ միայն Տավուշում, այլև Արցախում։ Պատահական չէ, որ ՀՀ ԶՈՒ ամենամարտունակ ստորաբաժանումները հենց Տավուշում էին տեղակայված։ Արցախում պատերազմ սկսելու պարագայում այստեղից ամեն պահ կարելի էր երկրորդ ճակատ բացել և շեշտակի հարվածով կոտրել թշնամու ողնաշարը։ Այն փաստը, որ 2020-ին Նիկոլի կառավարությունը չի դիմել այդ քայլին, իրենց դավաճան լինելու հերթական ապացույցներից է։

Ու չնայած 44-օրյա պատերազմին կրած մեր ծանր պարտությանն ու դրան հետևած ոչ պակաս ծանր կորուստներին՝ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածը շարունակում է մնալ թշնամուն զսպելու և ուժերի հավասարակշռությունը վերականգնելու կարևոր գործոն։ Ահա պաշտպանական այդ վերջին ռեսուրսից են այսօր ցանկանում զրկել մեզ Ալիևն ու Նիկոլը։ 

Ադրբեջանի պահանջն այսպես կոչված անկլավները չեն։ Սա չի կարելի չհասկանալ։ Հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածի ներկայիս տեսքը սեփական ուժերով վերականգնվելու և երկիրը փրկելու մեր վերջին հույսն է։ Եթե այստեղ էլ կորցնենք, ապա մեր Հայրենիքում ապրելու միակ հնարավորությունը միայն ու միայն ուրիշների ողորմության արդյունքը կլինի։ Դե ապրելը ո՞րն է՝ խղճուկ գոյություն պահպանել»։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն