Submitted by detq-editor on
Գերմանիայի ԱԳ նախարարը հորդորել է ապաշրջափակել Բերձորի միջանցքը

Գերմանիայի ԱԳ նախարարը հորդորել է ապաշրջափակել Բերձորի միջանցքը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն ասել է, որ Բաքուն պետք է անհապաղ ապաշրջափակի Բերձորի միջանցքը։ Այս մասին Գերմանիայի արտգործնախարարը նշել է իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ կայացած հանդիպման ժամանակ։

 

Բերբոքը շեշտել է, որ հակամարտությունը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել, դրա վերքերը խորն են։ Նա նաև նկատել է, որ վերջին շրջանում հակամարտության կարգավորման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել։

 

Միևնույն ժամանակ Գերմանիայի արտգործնախարարն ընդգծել է, որ Արցախը Հայաստանին կապող միակ միջանցքի փակման հետևանքով Արցախում դեղորայքի և սննդի պակաս կա, մարդիկ բաժանված են, երեխաները չեն կարողանում կրթություն ստանալ, ինչպես նաև էներգիայի մատակարարում չի իրականացվում։

 

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահման երկրորդ դիտորդական առաքելություն ուղարկելու վերաբերյալ ԵՄ-ի որոշմանը, վերջինս հայտնել է, որ Գերմանիայի ներկայացուցիչներն ակտիվորեն կմասնակցեն առաքելության աշխատանքներին։ Նրա խոսքով՝ իրենք չեզոք դիտորդներ են, և խաղաղության կարելի է հասնել միայն բանակցությունների միջոցով։

 

Բերբոքը նաև նշել է, որ Հարավային Կովկասում Գերմանիայի ներկայությունը բխում է եվրոպական ընդհանուր շահերից։ Նրա համոզմամբ՝ տևական խաղաղությունը տնտեսական օգուտներ կբերի։

 

«Մենք ցանկանում ենք Հարավային Կովկասը կապել Եվրոպայի հետ և Հարավային Կովկասի կապերը բարելավել Միջին Ասիայի հետ»,- ասել է գերմանացի պաշտոնյան։

Ավելացնել նոր մեկնաբանություն