Վաշինգտոնը Մոսկվային նախազգուշացրել էր նախապատրաստվող ահաբեկչության մասին
ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Էդրիեն Ուոթսոնը հայտարարել է՝ ԱՄՆ կառավարությունն ահաբեկչության մասին տեղեկությամբ կիսվել էր Ռուսաստանի իշխանությունների հետ՝ «նախազգուշացման պարտավորության իր քաղաքականությանը համապատասխան»։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է «The Wall Street» պարբերականը։
Ուոթսոնը պարզաբանել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները, հավաքելով հարձակումների կամ առևանգումների մասին հավաստի տեղեկություններ, դրանց մասին նախազգուշացնում են համապատասխան երկրներին, որոշ դեպքերում՝ նույնիսկ հակառակորդ։
Ամերիկացի պաշտոնյաների պնդմամբ՝ ԱՄՆ-ն Ռուսաստանին հետախուզական տվյալներ էր փոխանցել նախապատրաստվող հարձակման մասին այս ամսվա սկզբին։ Մոտավորապես այդ շրջանում Ռուսաստանում ԱՄՆ դեսպանությունն Ամերիկայի քաղաքացիներին զգուշացրել էր խուսափել մեծ հավաքներին, այդ թվում՝ համերգներին մասնակցելուց։
«Նոյեմբերից սկսած՝ մենք հետախուզական տվյալների մշտական հոսք ունեինք, որ «Իսլամական պետությունը» ցանկանում է հարվածել Ռուսաստանին»,- լրատվամիջոցին ասել է ամերիկացի մի պաշտոնյա, որը նախընտրել է իր անունը չհրապարակել։
Ավելացնել նոր մեկնաբանություն