Submitted by H.Minasyan on
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարը Ֆրանսիային մեղադրել է «Հայաստանին պատերազմի դրդելու մեջ»

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարը Ֆրանսիային մեղադրել է «Հայաստանին պատերազմի դրդելու մեջ»

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը այսօր հայտնել է, որ Ադրբեջանի կայունությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգներ կան:

«Համաշխարհային մասշտաբով օրեցօր աճող Ադրբեջանի հեղինակությունը, հաղթանակները քաղաքական, տնտեսական և ռազմական ոլորտներում, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար ստեղծված բարենպաստ պայմանները գրավել են արևմտյան մի շարք երկրների ուշադրությունը»,- հայտարարել է Նագիևը՝ նշելով, թե այդ երկրները թեև «դիտորդական առաքելություն» են իրականացնում սահմանին, սակայն «նրանց իրական նպատակն ամենևին էլ տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելը չէ»։

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարը, մասնավորապես, շեշտել է Ֆրանսիան՝ նշելով, որ Փարիզը «միջնորդական առաքելություն է ստանձնել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում, սակայն իրականում միակողմանի դիրքորոշմամբ երկար տարիներ հովանավորել է Հայաստանին և նրան լիարժեք աջակցություն ցուցաբերել»։

Տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու փոխարեն, ըստ Նագիևի, Ֆրանսիան զենք ու զինամթերք է մատակարարում Հայաստանին. «Ֆրանսիան այնտեղ իր ռազմական առաքելությունն է ներդնում, Հայաստանին դրդում է հերթական պատերազմի՝ փորձելով կյանքի կոչել Հարավային Կովկասը մարտադաշտի վերածելու իր ծրագիրը»։

Բաքուն Փարիզին նաև մեղադրել է լրտեսական ցանցեր ստեղծելու մեջ՝ ի վնաս Ադրբեջանի ազգային անվտանգությանը։

Ըստ Նագիևի` ձեռնարկվել և ձեռնարկվում են համարժեք քայլեր երկրի անվտանգությանը սպառնացող վտանգները կանխելու համար, իսկ օպերատիվ իրավիճակը միշտ վերահսկելի է։

«Մենք միշտ պետք է պատրաստ լինենք նոր մարտահրավերների, մեր տարածաշրջանում տեղի ունեցող բացասական գործընթացների ամենատարբեր սցենարների և չկորցնենք զգոնությունն անվտանգության հարցերում»,- եզրափակել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարը։

Ավելացնել նոր մեկնաբանություն