Submitted by D.Guyumjyan on
detq

Ռայիսին Թեհրանում ընդունել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին Թեհրանում ընդունել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեին։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Հանդիպման ընթացքում Ռայիսին շեշտել է, որ Իսրայելը տարածաշրջանում անվտանգության բացակայության հիմնական պատճառն է: Նրա խոսքով՝ ճնշված պաղեստինցիների հզոր դիմադրության շնորհիվ խնդիրը դուրս է եկել իսլամական աշխարհի սահմաններից` վերածվելով համամարդկային խնդրի։

«Գազայի ճնշված ժողովրդի հզոր դիմադրության շնորհիվ Պաղեստինի հարցը դուրս է եկել իսլամական աշխարհի սահմաններից և դարձել ողջ մարդկության խնդիրը։ Աշխարհի ժողովուրդներն ամբողջ սրտով ատում են սիոնիստական հանցավոր ռեժիմին և նրա գլխավոր աջակից ԱՄՆ-ին։ Այն, ինչ այսօր ապացուցված է աշխարհի բոլոր մարդկանց համար, Պաղեստինի հարցի օրինականությունն է»,- նշել է Իրանի նախագահը։

Ռայիսին միևնույն ժամանակ ասել է, որ Իսրայելը տարածաշրջանում բոլոր անկայունությունների արմատն է և խաղաղությանը դեմ հանդես եկող կազմակերպություն։ «Գազայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները հերթական խոշոր սկանդալն են դարձել Ամերիկայի և արևմտյան որոշ երկրների համար, որոնք աջակցում են երեխաներին սպանող սիոնիստական ռեժիմին»,- հավելել է նա:

Իր հերթին Հանիեն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանություններին և ժողովրդին Գազայի ժողովրդին ցուցաբերած աջակցության համար:

#Դետքի_հետագծով

Գազայում հակամարտության մեկնարկից ի վեր Իրանն աջակցում է Պաղեստինի իսլամական դիմադրության շարժմանը, որը պայքարում է պաղեստինյան անկախ պետություն ձևավորելու համար։ Այս համատեքստում Հանիեի այցը Թեհրան և հանդիպումներն Իրանի իշխանությունների հետ կարևոր նշանակություն ունեն, այցը միևնույն ժամանակ Թեհրանի ռազմաքաղաքական աջակցության ցուցանիշն է։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն