Հաղթեց թուրքական ժողովրդավարությունը, որի համար թանկ վճարեցինք. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրություններում առաջին հերթին հաղթել են թուրքական ժողովրդավարությունը, ազգային կամքը և երկրի 85 միլիոն բնակչությունը։ Ըստ «Դետք»-ի՝ թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Էրդողանն այս մասին ասել է իր հետընտրական առաջին ելույթում։
«Թեկնածուներից առաջ այս ընտրարշավի հաղթողը Թուրքիան էր, մեր ազգն էր, մեր ժողովրդավարությունը, որի համար մենք շատ թանկ գին վճարեցինք»,- կարծում է նա։
Էրդողանը հիշեցրել է, որ այս ընտրությունները 18-րդն են իր կուսակցության կառավարման 22 տարիների ընթացքում։ Նա ափսոսանք է հայտնել, որ նախորդ տարի մայիսին կայացած համապետական ընտրություններում տարած հաղթանակից 9 ամիս անց իրենց չհաջողվեց հասնել այն արդյունքին, որը ցանկանում էին և հույս ունեին, որ կստանային։
Թուրքիայի նախագահն իր հետընտրական ելույթում ընդգծել է, որ ազգի կամքն ամեն ինչից վեր է, որին երկրի իշխանությունները ենթարկվելու են։
Նա շնորհավորել է ընտրությունների արդյունքներով ընտրված բոլոր քաղաքապետներին և տեղական իշխանությունների անդամներին՝ հույս հայտնելով, որ վերջիններս կբավարարեն իրենց ընտրած մարդկանց պահանջները և պաշտոնավարման ընթացքում չեն ընկնի իներցիայի մեջ։
#Դետքի_հետագծով
Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով առաջատարն ընդդիմադիր Ժողովրդական-հանրապետական կուսակցությունն է, իսկ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկրորդն է։ Սա Էրդողանի ավելի քան 21-ամյա կառավարման ընթացքում առաջին ընտրություններն են, երբ իր գլխավորած քաղաքական ուժին չի հաջողվել առաջին հորիզոնականը զբաղեցնել, ինչն անշուշտ թուլացնելու է նրա դիրքերը երկրում։
Ավելացնել նոր մեկնաբանություն