Submitted by D.Guyumjyan on
detq

Սիոնիստական ռեժիմը չի հարգում մարդասիրական և միջազգային ոչ մի սկզբունք․ Էբրահիմ Ռայիսի

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է՝ արդեն բոլորի համար է պարզ, որ սիոնիստական ռեժիմը չի հարգում մարդասիրական և միջազգային ոչ մի սկզբունք։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ այս մասին նա ասել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ ունեցած հեռախոսազրույցում։

Հաղորդվում է, որ Ասադը ցավակցություն է հայտնել Ռայիսիին Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի վրա Իսրայելի իրականացրած հարձակման հետևանքով իրանցի բարձրաստիճան զինվորականների մահվան կապակցությամբ։

«Անկասկած, ռեժիմը և նրա կողմնակիցները կպատժվեն Գազայում իրականացրած ոճրագործությունների և այս ահաբեկչության համար։ Այս հարձակման մեղավորներն անկասկած պատասխանատվություն են կրելու»,- ասել է նա։

Ըստ Ռայիսիի՝ Իրանն ու Սիրիան Իսրայելին մշտապես որպես քաղցկեղային ուռուցք են դիտարկել, որը խաթարում է տարածաշրջանի ու աշխարհի անվտանգությունը, խաղաղությունն ու կայունությունը։ Նա նշել է նաև երկու երկրների միջև տարածաշրջանային և միջազգային համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը ռեժիմի դեմ պայքարելու համար։ 

«Արաբական որոշ երկրների վախի հետևանքով առաջացած պասիվությունն իսլամական աշխարհին թույլ չի տվել միասնական դիրքորոշում որդեգրել սիոնիստական ռեժիմի նկատմամբ, ինչի հետևանքով Իսրայելն ավելի հանգիստ է կատարում իր հանցագործությունները»,- կարծում է նա։ 

Ասադն իր հերթին ասել է, որ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի իրականացրած հարձակումը ոչ միայն միջազգային օրենքների խախտում է, այլև ցույց է տալիս Պաղեստինում, Լիբանանում և Սիրիայում այս ռեժիմի լկտիության և բարոյական այլասերման աստիճանը։

#Դետքի_հետագծով

Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի իրագործած ավիահարվածից հետո ներկայումս քննարկվում է, թե Թեհրանն ինչպես է արձագանքելու դրան։ Այս համատեքստում Իրանի իշխանությունները բարեկամ երկրների հետ բանակցությունների շարք են սկսել՝ նպատակ ունենալով Իսրայելին միասնական հարված հասցնելու։
 

Ավելացնել նոր մեկնաբանություն