Submitted by D.Guyumjyan on
detq

Բլինքենն Ալիևին վստահեցրել է՝ ապրիլի 5-ի հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում վերջինիս վստահեցրել է, որ ապրիլի 5-ին նախատեսված ԱՄՆ-Եվրամիություն-Հայաստան եռակողմ հանդիպումը հիմնականում նվիրված է տնտեսական հարցերին և ուղղված չէ Ադրբեջանի դեմ։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը։

Վերջինիս հաղորդմամբ՝ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

«Էնթոնի Բլինքենն ասել է, որ տվյալներ է ստանում ապրիլի 5-ին ԱՄՆ-ի, Եվրամիության և Հայաստանի միջև տեղի ունենալիք հանդիպումից ադրբեջանական կողմի մտահոգությունների մասին և կարևոր է համարում նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում այդ հարցի շուրջ հստակություն մտցնելը: Պետքարտուղարն ընդգծել է, որ նշված հանդիպման հիմնական բովանդակությունը կազմելու են Հայաստանի տնտեսական զարգացման հարցերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին վերաբերող հարցեր:

Ալիևը հավելել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ Բեռլինում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների անցկացրած բանակցություններն օգտակար են եղել բանակցային գործընթացի առաջմղման տեսանկյունից, և դրա արագացման անհրաժեշտություն կա: 

#Դետքի_հետագծով

Ադրբեջանը քարոզչական դաշտում տարածում է այն դրույթները, թե իբր ապրիլի 5-ին նախատեսված ԱՄՆ-Եվրամիություն-Հայաստան եռակողմ հանդիպումն ուղղված է Ռուսաստանի դեմ։ Իրականում Ադրբեջանի խնդիրը ոչ թե այդ հանդիպումը խաթարելն է, այլ դրանում իր հեռակա ներկայությունն ապահովելը, որպեսզի իր դիրքորոշումներն ու մոտեցումները նույնպես հաշվի առնվեն, իսկ նման հեռախոսազրույցները վկայում են այն մասին, որ Ալիևին հաջողվել է հասնել իր նպատակին։



 

Ավելացնել նոր մեկնաբանություն