562

Մի քանի ուշագրավ դրվագ Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցի վերաբերյալ

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը տելեգրամյան ալիքում գրում է. «Երեկ տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի ու Ադրբեջանի նախագահ Ալիևի հեռախոսազրույցը։ Երկու կողմի տարածած մամուլի հաղորդագրությունները շատ տարբեր են։ 

Ադրբեջանական կողմը բավական ընդարձակ հաղորդագրություն է տվել, որտեղ կան հետաքրքիր դրվագներ։ 

Օրինակ, նշվում է, որ Ալիևը Բլինքենին ասել է․ «Ըստ իր տեղեկությունների՝ եռակողմ հանդիպման նախապատրաստման գործընթացում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ Հայաստանին ռազմական օգնության տրամադրումը և համատեղ զորավարժությունների անցկացումը, Ադրբեջանին սահմանակից հատվածներում ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը, Հայաստանի զինումը ԵՄ-ի Եվրոպական խաղաղության ֆոնդի գծով և ԱՄՆ բյուջեի հաշվին։ Նման քայլերը ունեն հակաադրբեջանական էություն, այդ թվում՝ Ֆրանսիայի կողմից Հայաստանի զինումը հանգեցնում է զենքի մրցավազքին և տարածաշրջանում սադրանքների»։

Այս քարոզչությունը շատ ինտենսիվ է տարվում Ադրբեջանում, սա ծայրից ծայր կեղծիք է, բայց Ադրբեջանը սա դարձրել է օրակարգի մաս։ Ինչու՞, որովհետև շատ լավ գիտի արևմտյան գործընկերների վերաբերմունքն ու զգուշավորությունը։ Նման թեզերով Ալիևը դրդում է Արևմուտքին լինել ավելի չափավոր, զուսպ՝ Հայաստանին հնարավոր աջակցություն ցուցաբերելու հարցում։ 

Խնդիրն այն է, որ հենց Ադրբեջանն է հստակ պատերազմի պատրաստություններ տեսնում, «Արևմտյան Ադրբեջանի» թեզը, որը շրջանառության մեջ է դրվել 2022 թվական դեկտեմբերից դրա վառ ցուցիչն է։ Նաև շատ խնդրահարույց է, երբ հայկական կողմը երբեք հետևողականորեն ու հստակ մեկնաբանություն չի անում Ադրբեջանի կողմից կազմակերպվող տասնյակ զորավարժությունների, զենքի մեծաքանակ գնումների, ատելության խոսքի, ռազմական հռետորաբանության մասին։ Այդ ֆոնին Ադրբեջանն ավելի հանդուգն է դառնում։ 

Զրույցի մյուս ուշագրավ դրվագում Ալիևն ասել է․ «ԵՄ-ի-ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև ապրիլի 5—ի հանդիպման ոչ թափանցիկ պատրաստությունները, դրա ոչ ներառական բնույթը և այն, որ դա չի հետաձգվել չնայած Ադրբեջանի արդարացի դիտարկումներին, չի հանգեցնի խաղաղության և համագործակցության Հարավային Կովկասում, այլ բաժանարար գծերի առաջացմանն ու վերջնակետում՝ լարվածությանը»։

Փաստացի, Ադրբեջանն այնքան հեռուն է գնացել, որ փորձել է հասնել հանդիպման չեղարկմանը, սա կոչվում է ագրեսիվ արտաքին քաղաքականությունը, որն ուղեկցվում է գետնի վրա տեղեկատվական ու ռազմական ճնշման մեծացմամբ։ 

Կարճ ասած՝ Ադրբեջանը ուզում է մեն մենակ մնալ Հայաստանի հետ, առանց միջնորդի, առանց բանակցային տրամաբանության և առանց քարտեզի, զուտ Փաշինյանին ասի ինչ պետք է անել, որ վերջինս էլ գա ու սեփական ժողովրդին համոզի դրանում։ 

ԱՄՆ կողմը շատ ավելի համառոտ բովանդակությամբ հաղորդագրություն է տարածել՝ նշելով․ 
«Պետքարտուղար Բլինքենը և նախագահ Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի առաջմղման կարևորությունը, որը տնտեսական օգուտ կբերի ողջ տարածաշրջանին։ Պետքարտուղարն ընդգծել է, որ սահմանին լարվածության ավելացման համար արդարացում չկա, և զգուշացրել է, որ ցանկացած կողմից ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանությունը կխաթարեն խաղաղության հեռանկարները»։

Ես շարունակ ու անդադար կրկնում եմ, որ կան դիվանագիտական լուծումներ ու գործիքակազմեր, կա պատերազմը կանխելու ձև ու դա միակողմանի զիջումների ճանապարհը չէ։ Ուրախ եմ տեսնել, որ Արևմուտքը քայլեր է անում այդ ուղղությամբ, մնում է ՀՀ իշխանությունները իրենց վտանգավոր գործողություններով մեզ նոր ռիսկերի ու արկածների չտանեն՝ Բաքվի հետ իրենց ուղիղ և անհասկանալի բանակցությունների շրջանակներում»։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն