Իսրայելի դեսպանատներից ոչ մեկն այլևս անվտանգ չէ. Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական
Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի գլխավոր ռազմական խորհրդական Յահյա Ռահիմ Սաֆավին հայտարարել է, որ Իսրայելի դեսպանատներից ոչ մեկն այլևս անվտանգ չէ։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Իրանցի պաշտոնյան շեշտել է, որ Իսրայելին դիմակայելը Թեհրանի «օրինական իրավունքն է»։ Ելույթ ունենալով Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական հարձակման զոհերի հիշատակի արարողության ժամանակ՝ Իսլամական հեղափոխության առաջնորդի գլխավոր ռազմական խորհրդականն ասել է, որ «այս նահատակների արյունը հիմնարար փոփոխություններ կմտցնի տարածաշրջանի ռազմավարության մեջ»:
«Ռազմական հարձակումը հյուպատոսության վրա և Սիրիայի հրավերով այնտեղ օրինական հիմքերով գտնվող Իրանի խորհրդականների մահը միջազգային իրավունքի խախտում են, և Իսրայելի ոչ մի դեսպանատուն այլևս անվտանգ չէ»,- նշել է նա։
Սաֆավին, վկայակոչելով Իրանի առաջնորդի խոսքերը, թե Իսլամական Հանրապետությունը կստիպի հրեական պետությանը զղջալ հյուպատոսության վրա հարձակման համար, զգուշացրել է, որ «դիմադրության ուժերի ճակատը պատրաստ է, պետք է սպասել և տեսնել, թե ինչ կլինի»։
#Դետքի_հետագծով
Ներկայումս իրանական կողմը քննարկում է Իսրայելին հակահարված հասցնելու հնարավորությունը՝ միևնույն ժամանակ ձգտելով այնպես անել, որ դա չվերածվի տարածաշրջանային լայնածավալ պատերազմի։ Ամեն դեպքում Թեհրանը չի կարող այս հարձակումն անպատասխան թողնել, քանի որ այդ դեպքում Իսրայելն անպատժելիության զգացում կունենա։
Ավելացնել նոր մեկնաբանություն