Submitted by A.Gevorgyan on
Hdjd

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Մեկօրյա պաշտոնական այցով ապրիլի 15-ին Հայաստան կժամանի Ղազախստանի նախագահ Կասիմ ժոմարտ Տոկաևը: 

Այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։

Տոկաևը հարցազրույց է տվել «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը։

Ղազախստանը բազմիցս միջազգային ասպարեզում հանդես է եկել խաղաղապահ նախաձեռնությունների նախաձեռնողի և կողմնակցի դերում։ Ձեր կարծիքով` Աստանան կարո՞ղ է նոր նախաձեռնություններ ունենալ այս ոլորտում:

- Որպես համաշխարհային հանրության ակտիվ և պատասխանատու մասնակից՝ Ղազախստանը մշտական հիմունքներով իր ներդրումն է ունենում միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում՝ խթանելով խաղաղապահ նախաձեռնությունները։

Մեր երկիրը համընդհանուր ճանաչում ունեցող առաջատար է զանգվածային ոչնչացման զենքի զինաթափման և չտարածման, միջուկային զենքից զերծ գոտիների ստեղծման գործում։ Օգտագործելով համաշխարհային հակամիջուկային շարժման իր փորձը՝ Ղազախստանը զգալի ներդրում է ունեցել իրանական միջուկային ծրագրի շուրջ բազմակողմ բանակցությունների կազմակերպման գործում։ 2013-ին Աստանայում կազմակերպվեց բանակցությունների երկու փուլ, որոնք խթան հանդիսացան «Վեցնյակ»-ի և Իրանի ձևաչափի վերսկսման համար: Այդ ջանքերի արդյունքը, ինչպես հայտնի է, 2015 թվականին Իրանի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ստորագրումն էր։

Միջազգային կայունության և անվտանգության ապահովման գործում Ղազախստանի մեկ այլ նշանակալի ներդրումը սիրիական բազմամյա հակամարտության կարգավորման համար հարթակի տրամադրումն էր: 2017 թվականից մինչև օրս Աստանայի գործընթացի շրջանակներում անցկացվել է բանակցությունների 21 փուլ: Այս միջազգային պլատֆորմի ներդրումը Սիրիայի հակամարտության կարգավորման գործում ճանաչված է ՄԱԿ-ի և աշխարհի բազմաթիվ առաջնորդների կողմից:

Ղազախստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղությունը ՄԱԿ-ի շրջանակներում խաղաղապահ գործունեությունն է: 2014 թվականից ի վեր ավելի քան 600 ղազախստանցի զինծառայողներ մասնակցել են ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին: Ներկայում մեր խաղաղապահները մասնակցում են ՄԱԿ-ի առաքելություններին Լիբանանում, Արևմտյան Սահարայում, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում: Մասնակցել ենք նաև ՄԱԿ-ի առաքելությանը Մալիում 2022 թվականից։

Սույն թվականի մարտի 15-ից մեր պետության պատմության մեջ առաջին անգամ ՄԱԿ-ի առաքելության շրջանակներում ղազախական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է Գոլանի բարձունքներում` որպես ինքնուրույն ստորաբաժանում` 139 մարդ, այդ թվում՝ 7 կին։

Ինչ վերաբերում է Ձեզ հետաքրքրող նոր նախաձեռնություններին, ապա այստեղ հարց է առաջանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Անկասկած, Ղազախստանն անտարբեր չի մնում այս թեմայի նկատմամբ։ Մենք շահագրգռված ենք մեզ համար բարեկամ երկու պետությունների միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ։ Երևանի և Բաքվի միջև ամուր և տևական խաղաղության հաստատումը բխում է մեր երկրի շահերից։ Որպես խաղաղապահ նախաձեռնությունների նախաձեռնող և կողմնակից՝ Ղազախստանը պատրաստ է աջակցել մեր տարածաշրջանի խաղաղ և կայուն զարգացմանն ուղղված ցանկացած ջանքերի:

Աղբյուրը՝ Արմենպրես։

Ավելացնել նոր մեկնաբանություն