Submitted by D.Guyumjyan on
DETQ

Հարավային Կովկասում անկայունության գործոններից մեկը Իսրայելի ռեժիմն է. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Հարավային Կովկասում անկայունության գործոններից մեկը Իսրայելի ռեժիմն է։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին դիվանագետն ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված լարվածությանը։

«Այս վարչակարգը, բացի տարածաշրջանում միլիտարիզմ զարգացնելու փորձից, փորձում է նաև լարվածություն ստեղծել Իրանի և տարածաշրջանի երկրների միջև»,- ասել է նա։

Դեսպանը շեշտել է՝ եթե ինչ-որ տեղ ռազմատենչություն է զարգանում, դա մեծացնում է բախումների վտանգը։ Նրա խոսքով՝ բախումների թվի աճը հանգեցնում է ապակայունացման, սպառնում է անվտանգությանը, ինչը ազդում է տարածաշրջանի ժողովուրդների, ինչպես նաև Իրանի վրա. «Ակնհայտ է, որ ռեժիմը փորձում է լարվածություն ստեղծել Իրանի և տարածաշրջանի երկրների միջև, քանի որ այս ռեժիմը մեր թշնամին է»։

Մեհդի Սոբհանին միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ տարածաշրջանի ժողովուրդներն այնքան խոհեմ են, որ բախումներ չեն սկսի տարածաշրջանի ոչ մի երկրի հետ։

«Արտաքին քաղաքականության մեջ խոհեմությունն այն է, որ հարևանների և այլ երկրների հետ հարաբերությունները պետք է երկարաժամկետ դիտարկվեն: Կարծում եմ, որ տարածաշրջանի երկրները նման ըմբռնում ունեն, և նրանք տարածաշրջանի կյանքը չեն ենթարկի սիոնիստական ​​ռեժիմի արկածախնդրությանը»,- եզրափակել է նա։

Ավելացնել նոր մեկնաբանություն