դետա

Թուրքիայի ՏԻՄ ընտրությունները և դրանց հնարավոր ազդեցությունը հայ-թուրքական կարգավորման գործընթացի վրա

Մարտի 31-ին Թուրքիայում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները, որոնցում հաղթեց ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական‎ կուսակցությունը՝ ստանալով ձայների 37.77 տոկոսը։ Գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունն իր ավելի քան 2 տասնամյակ շարունակվող իշխանության օրոք առաջին անգամ զբաղեցրեց 2-րդ տեղը՝ ստանալով ձայների 35.48 տոկոսը։

Էրդողանի և ԱԶԿ-ի կառավարման ողջ ընթացքում սա առաջին դեպքն էր, երբ իշխող կուսակցությունը ոչ միայն ընտրությունների բացարձակ առաջատարը չէ, այլև նրան չի հաջողվել զբաղեցնել առաջին հորիզոնականը։ Նախորդ բոլոր ընտրություններում եթե անգամ ԱԶԿ-ն իշխանություն էր ձևավորում կոալիցիոն համագործակցության ճանապարհով, այնուամենայնիվ վերջինս ամենաշատ քվեներն էր ստանում, իսկ երկրորդ տեղը զբաղեցնող ՀԺԿ-ին գերազանցում էր ձայների շոշափելի առավելությամբ։

Ընտրությունների արդյունքներով ՀԺԿ-ն հաղթել է Թուրքիայի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում՝ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Բուրսայում, Անթալիայում, Ադանայում, Էգեյան և Միջերկրական ծովերի տարածաշրջանների բազմաթիվ կարևոր քաղաքներում։ Իշխող ԱԶԿ-ին հաջողվել է հաղթել Թուրքիայի կենտրոնական, արևելյան և Սև ծովի տարածաշրջանի որոշ քաղաքներում, իսկ երկրի արևելյան նահանգների մեծ մասում՝ պատմական Արևմտյան Հայաստանի տարածքում, առաջատարը քրդամետ «Ժողովուրդների իրավահավասարություն և ժողովրդավարություն» կուսակցությունն էր։

Թուրքիայի ՏԻՄ ընտրություններից հետո, որոնք տեղական և միջազգային լրատվամիջոցների կողմից իրավամբ գնահատվեցին որպես Էրդողանի ամենածանր ընտրական պարտությունը, ներհայաստանյան որոշ շրջանակներ՝ հիմնականում իշխանամետ քարոզիչներ, որոնք անգամ տեղյակ չէին, որ մարտի 31-ին Թուրքիայում ՏԻՄ ընտրություններ էին կայանալու, սկսել են հայ հանրությանը համոզել, թե այս ընտրություններից հետո հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու իրական հնարավորություն է ստեղծվել, և թուրքական ընդդիմության հետ ավելի իրատեսական է համաձայնության հասնելը, քան Էրդողանի իշխանության հետ։

Նկատենք, որ նման պնդումներն իրականության հետ աղերս անգամ չունեն, և դրանց նպատակը բացառապես հանրությանը մոլորեցնելն է։ Չափազանց կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ ՏԻՄ ընտրություններում հաղթանակ տարած Հանրապետական-ժողովրդական‎ կուսակցությունը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հիմնադրած քաղաքական ուժն է, որի գործունեության առանցքային ուղղություններից մեկն էլ եղել է Հայաստանի առաջին հանրապետության ոչնչացումը և վերջինիս տարածքի բռնակցումը, ինչը հիմնականում հաջողվել է իրագործել։ 

Թուրքիայի Հանրապետության գոյության առաջին տարիներին՝ ՀԺԿ-ի իշխանության օրոք, ազգային փոքրամասնությունները, այդ թվում՝ հայերը, դաժան ճնշումների են ենթարկվել, և նրանցից շատերը, ովքեր փրկվել էին Ցեղասպանության տարիներին, զոհվել են կամ ստիպված են եղել հեռանալ Թուրքիայից։ Թեև Հանրապետական-ժողովրդական կուսակցությունը արևմտամետ քաղաքական ուժ է, կողմնակից է Արևմուտքի հետ Թուրքիայի հարաբերությունների խորացմանը, ԵՄ-ին անդամակցությանը և այլն, այնուամենայնիվ վերջինս, ինչպես Էրդողանի գլխավորած քաղաքական ուժը, ազգայնական գաղափարախոսության կրող է և թուրքական ինքնությանը վերաբերող հարցերում ԱԶԿ-ին ոչնչով չի զիջում, երբեմն նույնիսկ գերազանցում է։ 

Բացի դրանից՝ Թուրքիայում Հայաստանի Հանրապետության նկատմամբ քաղաքականությունը սահմանվել է դեռևս 1991 թվականին, երբ նախագահը Թուրգութ Օզալն էր, ու անկախ նրանից, թե ով կլինի Թուրքիայի նախագահը, կամ քաղաքական որ ուժը կգա իշխանության, վերջինս ենթարկվելու է այդ քաղաքականությանը:

Արցախյան 44-օրյա պատերազմում Հայաստանի ծանր պարտությունից և Արցախի ամբողջական բռնազավթումից հետո թուրքական կողմը հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, որը պետք է օրինականացնի Ադրբեջանի բոլոր ձեռքբերումները, ինչպես նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի‎» տրամադրմամբ, որը ոչ այլ ինչ է, քան տարածքային հավակնություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Պակաս կարևոր չեն նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարումն ու Կարսի պայմանագրի վերաճանաչումը, որոնց դեպքում նույնպես Հայաստանի իշխանություններն առարկություններ չունեն։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում Թուրքիայում ՏԻՄ ընտրությունների ժամանակ միշտ ուշադրության է արժանանում, թե Հայաստանին սահմանակից 3 նահանգում՝ Կարսում, Իգդիրում և Արդահանում, քաղաքական որ ուժն է հաղթել։ Ուշադրության առավել արժանի է հատկապես Կարսում և Իգդիրում արձանագրված պատկերը, որովհետև հայ-թուրքական սահմանային 2 անցակետերը հենց այս նահանգներում են գտնվում, իսկ տվյալ նահանգների բնակչությունն ընտրությունների միջոցով իր ուղերձն է փոխանցում նաև հայ-թուրքական կարգավորման գործընթացի վերաբերյալ։

Մարտի 31-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում Իգդիրի նահանգում հաղթել է քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն‎» կուսակցությունը, որը ստացել է բնակչության ձայների մեծ մասը։ Մտահոգիչ է, որ հատկապես Կարսի նահանգում ձայների շոշափելի առավելությամբ հաղթել է «Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող և իշխող ԱԶԿ-ի դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցությունը, որը ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցում առավել կոշտ մոտեցում ունի, քան անգամ Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ն։

Կարսում «Գորշ գայլերի» շռնդալից հաղթանակը պայմանավորված է երկու հանգամանքով. նախ՝ այս կուսակցությունը մեծ ներգրավվածություն ունի հատկապես Թուրքիայի արևելյան նահանգներում (Արևմտյան Հայաստան), ինչը մշտապես արտացոլվում է ընտրական գործընթացների ժամանակ։ Բացի դրանից՝ Կարսի նահանգում բնակվում են 90-ականներին Հայաստանից հեռացած մեծ թվով ադրբեջանցիներ, որոնք առավել ծայրահեղական մոտեցում ունեն կարգավորման գործընթացի նկատմամբ։ Կարսում արձանագրված արդյունքները՝ ԱՇԿ-ի հաղթանակը, վկայում են, որ նահանգի բնակչությունը չի աջակցում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը և հայ-թուրքական սահմանի բացմանը։

Այսպիսով՝ փաստենք, որ անկախ նրանից, թե որ ուժը Թուրքիայում իշխանության կգա, դրանից Հայաստանի հանդեպ պետական քաղաքականությունը չի փոխվելու։ Բացի դրանից՝ սրանք ՏԻՄ ընտրություններ էին, ու չնայած դրանցում ընդդիմության հաղթանակին՝ երկիրը առնվազն մինչև 2028 թվականը շարունակելու են ղեկավարել Էրդողանն ու իր գլխավորած ԱԶԿ-ն, ուստի հայ-թուրքական հարաբերություններում առաջիկա տարիներին նույնպես նկատելի զարգացումներ և տեղաշարժեր չեն արձանագրվի։ 

Եթե անգամ 2028 թվականին կայանալիք համապետական ընտրությունների արդյունքներում Թուրքիայում իշխանության գա ներկայիս ընդդիմությունը, որի հնարավորությունները բավականին մեծ են, այդ դեպքում նույնպես ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացում թուրքական քաղաքականությունը չի փոխվի՝ վերոհիշյալ հանգամանքներից ելնելով։ Ուստի բոլոր այն պնդումները, թե առաջիկայում հայ-թուրքական հարաբերություններում նշանակալի զարգացումներ են սպասվում, պետական սահմանները բացվելու են և այլն, մտացածին են, իսկ դրանց նպատակը միայն ժողովրդին մոլորեցնելն է ու նրա ուշադրությունը առկա անվտանգային մարտահրավերներից շեղելը։

Դավիթ Գույումջյան

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

5454
ԻՀՊԿ-ն ռազմական խաղերի մոդելավորման կենտրոն է բացել
detq
Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցները
detq
Իրանն Իսրայելից իր միջուկային օբյեկտները պաշտպանելու համար կձեռնարկի բոլոր միջոցները․ Իրանի ԱԳՆ
detq
Հարավային Կովկասի գործընթացներն ազդում են Իրանի անվտանգության վրա․ Իրանի նախկին ՊՆ
f
ՌԴ-ի և Իրանի միջև ռազմավարական համաձայնագրի ստորագրումը հետաձգվել է Ռայիսիի մահվան պատճառով
detq
Արաղչին վստահեցնում է՝ Իրանն Իսրայելի վերջին հարձակման պատասխան հարվածից չի հրաժարվել
դետք
Իրանի և ԱՄՆ-ի միջև շփումները դեռևս շարունակվում են. Աբբաս Արաղչի
ս
Թրամփը պետք է վերանայի Թեհրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը․ Իրանի կառավարության խոսնակ