Ռուսաստանն աջակցում է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռակողմ համագործակցությանը
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանն աջակցում է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռակողմ համագործակցությանը, եթե այն նպաստի Կովկասում հակասությունների կարգավորմանը, տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Զախարովան այս մասին ասել է իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ընթացքում։
Ըստ նրա՝ Մոսկվան բազմիցս ասել է իր գործընկերներին, որ յուրաքանչյուր պետություն իրավունք ունի մասնակցելու այն միջազգային ձևաչափերին, որոնք համապատասխանում են իր շահերին և ուղղված չեն երրորդ երկրների դեմ, ինչպես նաև հաշվի են առնում ուժերի առկա հավասարակշռությունը։
«Սակայն եթե այս նախաձեռնության հետևում նկատվում են Վաշինգտոնի և Բրյուսելի ուրվագծերը, որոնք ձգտում են խաթարել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կատարումը, ապա դա բոլորովին այլ պատմություն է»,- նշել է նա։
Զախարովայի համոզմամբ՝ հենց եռակողմ համաձայնագրերն են հիմք հանդիսանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար։ Նա հիշեցրել է, որ այս համատեքստում, 2020 թվականից սկսած, առանցքային գործընթացներ են սկսվել հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանազատման, խաղաղության պայմանագրի մշակման, ինչպես նաև հասարակական, փորձագիտական և խորհրդարանական շրջանակների ներկայացուցիչների միջև կապերի հաստատման ուղղությամբ։
Ավելացնել նոր մեկնաբանություն