6543

Կոպիտ հաշվարկներով, անհրաժեշտ է լինելու մոտ 10 կմ երկարությամբ շրջանցող գազամուղ կառուցել. 1 կմ-ի արժեքը տատանվում է 2,5-3,2 մլն դոլարի սահմաններում. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Տավուշի ուղղությամբ անվտանգային կոլապսը համակողմանիորեն գնահատելու համար անդրադառնանք նաև գազի մատակարարման խնդրին:

Եթե Ադրբեջանի վերահսկողության տակ անցնող տարածքները շրջանցելու նպատակով որոշում կայացվի Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ մայրուղային գազամուղի լոգիստիկան փոխելու վերաբերյալ, ապա հարց է ծագում, թե որքա՞ն գումար դա կպահանջի ու ի՞նչ ազդեցություն դա կունենա մեր էներգետիկ համակարգի ու, առհասարակ, տնտեսության վրա:

Իհարկե, նման գնահատական տալու համար դեռևս տվյալները շատ քիչ են: Մի բան է հստակ, որ նման վերադասավորումները ոչ միայն վտանգելու են մեր էներգետիկ անվտանգությունը, այլև խնդիրներ ստեղծելու սոցիալ-տնտեսական համակարգի համար: 

Հիմա որոշ մոտավոր ու խիստ նախնական կանխատեսումներ:

Կոպիտ հաշվարկներով, ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է լինելու մոտ 10 կմ երկարությամբ շրջանցող գազամուղ կառուցել:  Հնարավոր է՝ նույնիսկ ավելի երկար:

՛՛Գազպրոմի՛՛ տվյալներով՝ նման բնակլիմայական պայմաններում  ու նույն թողունակությամբ գազամուղի 1 կմ-ի արժեքը տատանվում է 2,5-3,3 մլն ԱՄՆ դոլարի սահմաններում: Ռելիեֆի առանձնահատկությունները հաշվի առնելով՝ արժեքը կարող է հասնել 3,5-3,8 մլն ԱՄՆ դոլարի:
Բնականաբար, այդ ներդրումները չեն արվելու ՛՛Գազպրոմ Արմենիա՛՛ ընկերության կողմից, որի 2020-2025 թթ. ներդրումային ծրագիրն արդեն հաստատված է ՀԾԿՀ կողմից ու կյանքի է կոչվում: Էլ չեմ խոսում ընկերության առկա ֆինանսական խնդիրների մասին:

Մեծ հավանականությամբ, պետական բյուջեի միջոցներից վարկ կտրամադրվի: Վարկ, որի մարումն ապահովելու համար արդեն ոչ թե գազատրանսպորտային օպերատորը, այլ հենց կառավարությունն է առաջարկելու գազի սակագները բարձրացնել: 

Դրա նախադրյալները կան: Հիշեցնեմ, որ 2020 թ.-ին, հրաժարվեով ռուսական վարկից, կառավարությունը ԱԷԿ-ի մոդեռնիզացման համար հատկացրեց բյուջետային վարկ, որի բեռը սակագնի վրա այս պահին կազմում է մոտ 3 դրամ:

Մի խոսքով, չգիտեմ՝ կուրախանաք ձեզանից 50 մ հեռավորության վրա ադրբեջանցի տեսնելու առթիվ, թե ոչ, բայց  հաստատ կարող եմ ասել, որ այս ամենի արդյունքում ավելի բարձր սակագին ենք վճարելու»:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն