Թեհրանը պնդում է՝ օտարերկրյա զորքերի մուտքը Հարավային Կովկաս չի նպաստում կայունության հաստատմանը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է՝ Թեհրանը միշտ էլ ընդգծել է, որ օտարերկրյա զորքերի մուտքը Հարավային Կովկաս չի նպաստում անվտանգության ու կայունության հաստատմանը և տարածաշրջանի ժողովուրդների շահերի ապահովմանը։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Իրանցի պաշտոնյան շեշտել է, որ Հարավային Կովկասի անվտանգությունը Իրանի կարևորագույն առաջնահերթություններից է։ Նրա խոսքով՝ Հարավային Կովկասի անվտանգությունն ազդում է ողջ տարածաշրջանի անվտանգության վրա։
Նասեր Քանաանին ասել է, որ Իրանի ռազմավարությունը առկա մեխանիզմների օգտագործմամբ բանակցություններ և բազմակողմ երկխոսություն վարելն է՝ Հարավային Կովկասում տարաձայնությունները լուծելու և խաղաղություն, կայունություն ու անվտանգություն հաստատելու նպատակով։
«Հարավային Կովկասում ռազմականացման մեծացմանն ուղղված ցանկացած մոտեցում կբարդացնի տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և կվնասի տարածաշրջանում խաղաղ գործընթացին, իսկ Իրանը դա չի ընդունի։ Տարածաշրջանի երկրները չեն ցանկանում ձևավորել մեխանիզմներ, որոնք կբարդացնեն իրավիճակը տարածաշրջանում»,- եզրափակել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն