Թեհրանը պնդում է՝ ԻՀՊԿ-ն կանխել է «Իսլամական պետության» մուտքը Արևմուտք
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կանխել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության մուտքը Եվրոպա։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Քանաանին շեշտել է, որ եթե չլինեին տարածաշրջանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և վերջինիս խորհրդականների` ահաբեկչության դեմ պայքարի զոհաբերությունները, ԻՊ-ի ահաբեկչությունը կմտներ Եվրախորհրդարանի ետնամուտքից։ Նրա խոսքով՝ Իրանն ահաբեկչության դեմ պայքարում և ամբողջ աշխարհում խաղաղության ու կայունության ապահովման գործում գլխավոր գործընկերն է։
Հաղորդվում է, որ իրանցի պաշտոնյան նման կերպ մեկնաբանել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի կողմից իրանցի ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ նոր պատժամիջոցները, ինչպես նաև Եվրամիության հրապարակած հակաիրանական կոմյունիկեն։
Քանաանին ընդգծել է, որ պատժամիջոցների կիրառումն Իրանի պաշտպանունակությունը խաթարելու համար երբեք չի սասանի երկրի վճռականությունը՝ ամրապնդելու իր ազգային հզորությունը։ Նա համոզմունք է հայտնել, որ պատժամիջոցները նույնիսկ հակառակ արդյունք կունենան՝ հնարավորություն տալով Իրանին սեփական պաշտպանական սարքավորումների արտադրության և գնման գործում ինքնաբավության հասնելու:
Իրանի արտգործնախարարության խոսնակը հերթական անգամ հերքել է նաև ԵՄ-ի պնդումներն Ուկրաինայի պատերազմում կիրառվող իրանական զենքի մատակարարման մասին։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի վճռականության բացակայությունն Ուկրաինայում ու Գազայում ձգձգվող պատերազմների հիմնական պատճառն է։
Ավելացնել նոր մեկնաբանություն