Ճի՞շտ է արդյոք Ալմա Աթայի հռչակագիրը դնել սահմանների ճշտման հիմքում
Սահմանագծումն ու սահմանազատումը միջպետական հարաբերությունների թերևս ամենաբարդ և խնդրահարույց ոլորտն է, որի մասին կարծիք հայտնել, խորհուրդ տալ և գնահատականներ հնչեցնել կարող են միմիայն հատուկ այս գործի բանիմաց մասնագետները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է քաղաքագետ Գարիկ Քեռյանը՝ նշելով, որ դա պահանջում է հիմնարար գեոդեզիական գիտելիքներ և փորձ, քարտեզագրության ասպարեզում աշխատանքային հմտություններ և ժամանակակից տեխնիկական և տիեզերական գործիքների տիրապետման կարողություններ:
«Գիտակցելով այս իրողությունները, հասկանալի պատճառներով աշխատում եմ ՀՀ-Ադրբեջան սահմանների հետ վերջին ամիսներին ծավալված բուռն ներքաղաքական պայքարի վերաբերյալ մեկնաբանություններ չտալ: Սակայն կա ևս մի կարևոր հանգամանք, այս գործընթացը նաև քաղաքական է տարածաշրջանային և միջազգային նշանակությամբ: Այս հանգամանքը արդեն նկատի ունենալով, փորձեմ որոշ դիտարկումներ ներկայացնել քաղաքագիտական ասպեկտով:
Ալմա Աթայի հռչակագիրը կնքվել է ԽՍՀՄ ինքնափլուզման ակտի՝ 1991 թ. դեկտեմբերի 8-ի Բելովեժյան համաձայնագրից հետո՝ դեկտեմբերի 21-ին: Այս հռչակագրի նպատակն էր, ազդարարել խորհրդային կայսրության տեղում ԱՊՀ-ի, որպես միջազգային կազմակերպության կազմավորումը: Իհարկե ընգծված է նաև սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը, որն իհարկե միութենական հանրապետությունների սահմաններին է վերաբերվում:
Բնականաբար հարց է ծագում, ճիշտ է արդյոք այս փաստաթուղթը դնել սահմանների ճշտման հիմքում: Պատասխանը միանշանակ չի կարող լինել: Մերձբալթյան հանրապետությունների համար միանշանակ այո, խաղաղ և բարիդրացիական հարաբերությունների պայմաններում վարչական սահմանները վերածել միջպետական սահմանի, ընդհանրապես խնդիր չի կարող առաջացնել: Տարածքային վեճեր և կիսպատերազմական/կոնֆլիկտային հարաբերություններ ունեցող Հանրապետություններում վարչական սահմանները մեխանիկորեն միջպետական սահմանի վերածելը կարող է նոր հակամարտությունների առաջացման պատճառ դառնալ: Չէ, որ միութենական հանրապետությունների սահմանները դրանք պետության ներսի սահմաններ էին, ոչ մի նշանակություն չունեին էներգետիկ, երկաթուղային, ավտոմոբիլային և ջրային կոմունիկացիաների ուղիները, եթե դրանք մի քանի հարյուր մետր այս ու այն կողմում էին հայտնվում:
Հայաստան-Ադրբեջան սահմանը այն ժամանակ չէր կարող նման խնդիրներ առաջացնել, նրանք անկախ պետություններ չէին և կառավարվում էին մեկ կենտրոնից: Հասկանալի է, որ նախկին վարչական սահմանների մեխանիկական վերարտադրումը Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի համար կարող է կենսական բարդ իրավիճակ առաջացնել և հանգեցնել այդ բնակավայրերի դատարկմանն ու ամայացմանը: Ավելի ճիշտ կլինի հետևյալ դիրքորոշումը. «հիմք ընդունել նախկին միութենական հանրապետությունների տարծքը և սահմանները, սակայն նախկին վարչական սահմանները միջպետականի վերածելու գործընթացում առաջնորդվել սահմանային բնակավայրերի կենսունակության պահպանման առաջնահերթությամբ»:
Քանի դեռ նոր է սկսվել գործընթացը, մյուս հատվածներում հնարավոր է նման համաձայնության գալ ադրբեջանական կողմի հետ, բացառված չէ, որ սահմանների որոշակի փոփոխությունները ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար: Շատ լավ կլինի, եթե երկկողմանի հրաժարվեն նաև անկլավ-էքսկլավների վերականգնումից: Այդ աննորմալության վերականգնումը նոր խնդիրներ է առաջացնելու: Պետք է լինել ճկուն և իրատես, մերկապարանոց հայտարարությունները միլիմետր/սանտիմետր հողեր չտալու մասին, հիշեցնում է տխրահռչակ «ոչ մի թիզականությունը», որի տակից մինչև այսօր դուրս չենք գալիս»:
Ավելացնել նոր մեկնաբանություն