Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն բանակցությունները
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն իրենց միջև շատ հարցերի շուրջ բանակցությունները՝ նպատակ ունենալով դուրս գալու փակուղուց և միջոցառումների փաթեթի վերաբերյալ համաձայնություն կնքելու: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը։
Սպահանում Իրանի միջուկային ծրագրի ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ համատեղ ասուլիսում Գրոսսին հայտարարել է, որ իրենք փորձում են համաձայնության գալ շոշափելի միջոցների շուրջ, որոնք Իրանը կարող է ձեռնարկել համատեղ հայտարարության շրջանակում, այլ ոչ թե նոր համաձայնագիր մշակել:
«Ես, անշուշտ, ակնկալում եմ, որ շուտով կոնկրետ արդյունքներ կգրանցվեն: Ինձ արդյունքներ են պետք, և ցանկանում եմ, որ դրանք լինեն մոտակա ժամանակներում: Կարծում եմ՝ Իրանում նույնպես դա հասկանում են»,- շեշտել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը:
Վերջինս հավելել է, որ ցանկալի կլինի համաձայնություն ձեռք բերել մեկ ամսվա ընթացքում՝ ՄԱԳԱՏԷ-ի 35 անդամ երկրների կառավարիչներից կազմված խորհրդի հաջորդ նիստում։
Գրոսսին չի մանրամասնել քննարկվող քայլերը, սակայն նշել է, որ դրանք ներառում են ուրանի հարստացումը և օբյեկտների հասանելիությունը:
Ավելացնել նոր մեկնաբանություն