Ինչու՞ է շտապում Էրդողանը. թուրքական շանտաժին տրվել պետք չէ
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան ալիքում գրում է. «Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հնարավորինս շուտ ստորագրեն խաղաղության պայմանագիրը, որպեսզի կայունություն հաստատեն տարածաշրջանում: Նա հայտարարել է, որ ակնկալում է առաջընթաց Ալմաթիի արտգործնախարարական հանդիպմանը:
Կարծում եմ՝ բարդ չէ պատկերացնել, թե ինչ է հասկանում Էրդողանն ասելով առաջընթաց: Նրա պատկերացմամբ առաջընթացը անշուշտ Ադրբեջանի պայմանների հնարավորինս արագ ընդունումն է՝ Հայաստանը հնարավորինս արագ ընդունում է Բաքվի պայմաններն ու ստորագրում համաձայնագիրը: Թե որոնք են բաքվի պայմանները՝ Ալիեւն ասում է պարբերաբար:
Էրդողանին շտապեցնողը, որքան էլ տարօրինակ չթվա, Հայաստանում տեղի ունեցողն է: Դարձյալ, որքան էլ տարօրինակ չհնչի, այդ տեղի ունեցողը մայիսի 10-ի հանդիպմանը կարող է ամրացնել Հայաստանի դիրքը: Այո, քաղաքականությունը մի քիչ ավելի «հարուստ» երեւույթ է՝ «աղքատ» պատկերացումների ենթարկելու համար: Քանի օր է, դեռեւս Կիրանցում մի քանի տասնյակ մարդով ճանապարհ փակելուց սկսած ասում եմ, որ պրոցեսը կարող է օգտակար լինել Հայաստանի համար, եւ այդ մասին խոսում եմ առ այսօր:
Էրդողանը չունի ռեգիոնում պատերազմի շահագրգռություն: Պատերազմը նրան մեծ կախվածության մեջ է դնելու Արեւմուտքից, մինչդեռ նա հետաձգում է այցը ԱՄՆ ու սպասում, թե ինչով է ավարտվելու Սի Ցզինպինի այցը Եվրոպա եւ Պուտինի այցը Չինաստան: Իսկ Պուտինն այնքան վստահ է զգում իրեն, որ ամիսներ շարունակ հետաձգում է այցը Թուրքիա:
Զուգահեռ, Իսրայելին հարվածից հետո պարզ է դարձել Իրանի ռեգիոնալ առաջատարությունը: Իրանի հիպերձայնային հրթիռները հաղթահարել են մերձավորարեւելյան ստատուս-քվոյի «սրբություն սրբոցներից» մեկը՝ իսրայելյան Երկաթե գմբեթը:
Ըստ ամենայնի, Էրդողանը որոշել է պարզապես խաղարկել «տողատակային շանտաժ», թե՝ համաձայնեք, եթե ուզում եք կայունություն: Այդ շանտաժին տրվել պետք չէ: Էրդողանի ցանկացած հայտարարության պետք է իհարկե վերաբերել լուրջ, ուշադիր, բայց չտրվել շանտաժի եվ պարզապես առաջ տանել խաղաղության հավասարակշռված օրակարգ»։
Ավելացնել նոր մեկնաբանություն