Ի աջակցություն Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման՝ Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում հավաք է անցկացվել
Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում նախօրեին հավաք է անցկացվել՝ ի աջակցություն Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի և նրա գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս մասին «Դետք»-ը տեղեկանում է Իրանում հրապարակվող «Ալիք» հայկական պարբերականից։
Հաղորդվում է, որ իրանահայությունն ակտիվորեն մասնակցել է առաջնորդանիստ եկեղեցում անցկացված հավաքին։
«Ալիք»-ը նաև ուշադրություն է հրավիրել այն բանին, որ հավաքը համընկել է մայիսի 9-ին, որը Շուշիի ազատագրման օրն է։
«Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցած պատարագի ավարտին մեծ թվով թեհրանահայեր և իրանահայ միությունների ու ազգային մարմինների ներկայացուցիչները, համախմբվելով եկեղեցու տարածքում, զորակցություն հայտնեցին Տ. Բագրատ արք. Գալստանյանին, որը, ղեկավարելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, վճռակամ պայքարի է լծվել՝ հանուն հայոց պետականության պահպանման և հայրենի հողերի կորուստն ու հանձնումը կանխելու»,- հայտնում է թերթը։
Հավաքի ընթացքում ելույթ են ունեցել «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը և Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն