Բաքվից հայտնում են՝ Արցախից խաղաղապահների դուրսբերման գործընթացը կավարտվի մոտ ապագայում
Բաքվի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Անար Էյվազովը հայտարարել է՝ մոտ ժամանակներս կավարտվի Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերման գործընթացը, որը ներկայումս շարունակվում է։ Ըստ «Դետք»-ի՝ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այս մասին Էյվազովն ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ։
Նա շեշտել է, որ Բաքվի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ միջոցառում է անցկացվում՝ կապված ռուս խաղաղապահների գործունեության դադարեցման հետ։ Նրա խոսքով՝ միջոցառմանը մասնակցում են բարձրաստիճան սպաներ 2 երկրներից։
«Այժմ մենք գտնվում ենք Բաքվի Հանրապետության (խմբ.) տարածքում տեղակայված խաղաղապահների բազայում։ Նշեմ, որ մեր երկրի տարածքից խաղաղապահների դուրսբերումն իրականացվում է ծրագրի համաձայն։ Այս մասին լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի»,- եզրափակել է նա։
Հիշեցնենք, որ ռուս խաղաղապահներն Արցախում տեղակայվել էին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում 5 տարի ժամկետով։ Նախորդ սեպտեմբերին՝ Արցախի լիակատար հայաթափումից հետո, վերջիններս շարունակում էին մնալ բռնազավթված Արցախում, սակայն նախորդ ամիս հայտնի դարձավ, որ Մոսկվան և Բաքուն համաձայնեցրել են խաղաղապահների դուրսբերման գործընթացը, քանի որ նրանց կարիքն այլևս չի զգացվում։
Ավելացնել նոր մեկնաբանություն