Submitted by D.Guyumjyan on
detq

Սիոնիստական ռեժիմն աշխարհում կազմակերպված ահաբեկչության խորհրդանիշն է․ Իրանի ԱԳՆ

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի շարունակական ագրեսիան Գազայի հատվածի դեմ և նշել, որ երկիրը սատարում է ՄԱԿ-ին Պաղեստինի լիիրավ անդամակցությանը: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Ըստ Իրանի ԱԳՆ-ի՝ 1948 թվականի մայիսի 14-ը սկիզբ դրեց Պաղեստինի օկուպացիայի աղետալի շրջանին և ճնշված Պաղեստինի ժողովրդի իրավունքների, հատկապես ինքնորոշման իրավունքի ակնհայտ ոտնահարմանը: Թեհրանի պնդմամբ՝ այդ օրը բրիտանական գաղութատիրության չար դավադրության արդյունքում իսլամական աշխարհի սրտում բռնազավթող սիոնիստական ​​ռեժիմի հաստատման տարեդարձն է և ցեղասպանության, ջարդերի, բնակչության տեղափոխման, օկուպացիայի ու պղծման արյունալի շրջանի սկիզբը:

Սիոնիստական ​​ռեժիմը կազմակերպված ահաբեկչության հստակ խորհրդանիշ անվանելով՝ Իրանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Գազայի հիվանդանոցներում զանգվածային գերեզմանների հայտնաբերումը մարդկության դեմ դաժան ռեժիմի իրագործած հանցագործությունների պատկերն ի ցույց է դնում միջազգային հանրությանը:

«Միջազգային հանցագործությունների կատարումը՝ ներառյալ պատերազմական հանցագործությունները, ցեղասպանությունը և մարդկության դեմ հանցագործությունները, հակասում է  Միավորված ազգերի կազմակերպության հիմնարար արժեքներին և բոլոր ճանաչված միջազգային նորմերին ու սկզբունքներին»,- ասվում է հայտարարությունում:

Պաշտոնական Թեհրանը խստորեն դատապարտել է նաև, որ վերջին 7 ամիսներին իսրայելական ագրեսիայի հետևանքով 35.000 խաղաղ բնակիչ զոհվել է, 75.000-ը՝ վիրավորվել, 100 հազարավորները՝ տեղահանվել։ Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է նաև ԱՄՆ-ին՝ վերջինիս համարելով սիոնիստական ռեժիմի թիվ 1 դաշնակիցը։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն