Ղարաբաղյան երկրորդ պատերազմը ցույց տվեց Մինգեչաուրի էլեկտրակայանի կարևորությունը. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը 44-օրյա պատերազմի ժամանակ փորձել է ոչնչացնել Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայանը։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Minval.az» լրատվականը, այս մասին Ալիևն ասել է երեկ կայացած նոր էլեկտրակայանի հիմնարկեքի ժամանակ։
Նա պնդում է, որ պատերազմի դաշտում պարտվող Հայաստանը փորձում էր շարքից հանել Ադրբեջանի էլեկտրաէներգետիկ ներուժի գլխավոր կենտրոնը՝ Մինգեչաուրի ՀԷԿ-ը և հեռահար հրթիռներ էր արձակում այս ուղղությամբ։ «Այդ հրթիռներից շատերը ոչնչացվեցին հակաօդային պաշտպանության ուժերի կողմից, որոշ հրթիռներ էլ պարզապես չկարողացան խոցել թիրախը»,- հայտարարել է Ալիևը։
Ադրբեջանի ղեկավարի համոզմամբ՝ հենց պատերազմի ժամանակ պարզ դարձավ Մինգեչաուրի էլեկտրակայանի կարևոր դերը երկրի էներգետիկ համակարգում։ «Ղարաբաղյան երկրորդ պատերազմը ցույց տվեց Մինգեչաուրի էլեկտրակայանի կարևորությունը»,- ասել է նա։
Ադրբեջանի իշխանությունները հայտնում են նաև՝ Մինգեչաուրում կառուցվող ՀԷԿ-ը ամենահզորն է լինելու անկախության շրջանում երկրի տարածքում կառուցված բոլոր էլեկտրակայանների շարքում։ Ալիևի խոսքով՝ նոր ՀԷԿ-ը շահագործման կհանձնվի 2025 թվականին։
Հիշեցնենք, որ պատերազմի օրերին Ադրբեջանը Հայաստանին մեղադրել էր Մինգեչաուրը թիրախավորելու մեջ, սակայն Հայաստանի ՊՆ-ն հերքել էր այդ պնդումները։
Ավելացնել նոր մեկնաբանություն