Իրանում ձերբակալել են Սպահանում անօդաչու թռչող սարքով հարձակման գլխավոր մեղավորներին
Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են հունվարի 29-ին Սպահան քաղաքում անօդաչու թռչող սարքի կիրառմամբ իրականացված հարձակման գլխավոր մեղավորներին։ Այս մասին տեղեկացում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ ձերբակալվածների թվում կան իսրայելցի վարձկաններ։
«Հունվարի 8-ին Սպահանում պաշտպանության նախարարության արդյունաբերական կենտրոնի վրա դիվերսիայի անհաջող փորձի հիմնական մեղավորները բացահայտվել և ձերբակալվել են»,- ասվում է Իրանի հետախուզության նախարարության և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի համատեղ հայտարարության մեջ։
Հայտարարության համաձայն՝ ձախողված գործողությունը սիոնիստների (նկատի ունի Իսրայելին - խմբ․) հուսահատ պատասխանն էր օկուպացված տարածքներում Իսրայելի ռեժիմի կրած ջախջախիչ հարվածներին։
Նշվում է, որ Իրանի տարածքների նկատմամբ ոտնձգության ցանկացած գործողություն կարժանանա Իրանի անվտանգության ուժերի կոշտ պատասխանին։ Միևնույն ժամանակ Իրանի ուժային կառույցներն ընդգծում են, որ Իսրայելի ագրեսիան անպատասխան չի մնա։
«Քանի որ հետաքննությունը դեռ շարունակվում է, լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվեն ավելի ուշ, ըստ անհրաժեշտության»,- ասվում է հայտարարության մեջ։
Ավելացնել նոր մեկնաբանություն