Նոր ձերբակալություններ ադրբեջանական բանակում
Բաքվի պաշտպանական գերատեսչությունում 143 միլիոն մանաթի (հավասար է մոտ 82 միլիոն ԱՄՆ դոլարի) յուրացման գործով ձերբակալվել է ֆինանսական ծառայության ևս երկու բարձրաստիճան պաշտոնյա, որոնք աշխատել են տարբեր զորամասերում։
Ըստ «Թրենդ» ադրբեջանական լրատվական գործակալության՝ Բաքվի պետական անվտանգության ծառայությունում շարունակվող քրեական գործի շրջանակում մեղադրանք է ներկայացվել Ջաբրայիլ Օրուջովին և Վահիդ Նովրուզլուին: Նրանք տարբեր զորամասերում ֆինանսական ծառայությունների ղեկավարների պաշտոններ են զբաղեցրել։
Օրուջովին և Նովրուզլուին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման համար։
Պետական անվտանգության ծառայության միջնորդությամբ Բաքվի զինվորական դատարանը երկու մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 4 ամիս ժամկետով։
Մեղադրյալների նկատմամբ ձեռնարկվել են իրավական միջոցներ, քանի որ մինչ օրս նրանք չեն հատուցել պետական բյուջեին հասցված վնասը: Նախաքննությունն ու դատաքննությունը շարունակվում են։
Ավելի վաղ Բաքվում նմանօրինակ մեղադրանքներով ևս մի քանի բարձրաստիճան զինծառայող է ձերբակալվել:
Ավելացնել նոր մեկնաբանություն