Ի՞նչ է եղել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը տեղակայելուց հետո
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան ալիքում գրում է. «Հայաստանի արտգործնախարարը խորհրդարանում ասում է, որ ԵՄ դիտորդական առաքելության տեղեկայումից հետո կարծես թե որեւէ մեծ հարձակում Հայաստանի հանդեպ՝ չի եղել:
Նոմինալ առումով, կամ հարձակում բառի բուն իմաստով՝ իհարկե չի եղել, ինչպիսին օրինակ եղել է Ջերմուկում 2022-ի սեպտեմբերին:
Բայց, եղել է օրինակ այն, որ Ադրբեջանը թույլ չի տվել Հայաստանի ինքնիշխան տարածքում մետալուրգիական գործարանի կառուցում, իսկ Եվրամիության դիտորդական առաքելությունը ոչ թե գնացել ու կանգնել է այդ հատվածում՝ Ադրբեջանին կրակել թույլ չտալու համար, կրակելուն խանգարելու համար, այլ պարզապես «օգնել» է Հայաստանի կառավարությանը փաստացի կատարել Ադրբեջանի պահանջը եւ գործարանը կառուցել այլ տեղ:
Սա մի օրինակ:
Բայց, կա հարցի ավելի լայն ասպեկտը: Ի՞նչ է եղել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը տեղակայելուց հետո: Ըստ էության տեղի է ունեցել քաղաքական նարատիվների ամբողջական փոփոխություն եւ Հայաստանի կառավարությունը անցել է Ադրբեջանին «առիթ չտալու» քաղաքականության, ասելով, ոչ թե՝ ԵՄ դիտորդները ամուր են, Ադրբեջանը ուժ չի կիրառի, այլ՝ «եթե չանենք, կլինի հարձակում»:
Ընդ որում, այստեղ ես ամենեւին մեղադրանք չեմ հնչեցնում Եվրամիության դիտորդական առաքելության հասցեին: Իրենք ըստ էության չեն էլ եկել Ադրբեջանին զսպելու խոստումով: Իրենք եկել են պայմանավորվածությամբ, որ Հայաստանը փոխում է «նարատիվները», այն «նարատիվները», որոնք արտաքին քաղաքականության, արցախյան հարցի առնչությամբ ներառել էր իր նախընտրական ծրագրում, կառավարության նոր ծրագրում 2021 թվականին:
Մեծ հարձակում չկա, որովհետեւ փոխվել են «նարատիվները», ոչ թե որովհետեւ պարեկություն են անում ԵՄ դիտորդները»:
Ավելացնել նոր մեկնաբանություն