Թեհրանը պնդում է՝ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի բանաձևը չի ազդի միջուկային ոլորտում երկրի առաջընթացի վրա
Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Աբոլֆազլ Զոհրևանդը հայտարարել է՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի նիստում եվրոպական երեք երկրի հակաիրանական բանաձևն ամբողջովին քաղաքական դրդապատճառներ ունի, և այն չի ազդի միջուկային ոլորտում երկրի առաջընթացի վրա։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Զոհրևանդը շեշտել է, որ արևմտյան երկրները փորձում են ազդել Իրանի առաջիկա նախագահական ընտրությունների վրա։
Նրա խոսքով՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) անդամ ԱՄՆ-ն և եվրոպական երկրները չեն կատարել իրենց պարտավորությունները, իսկ Ռուսաստանն ու Չինաստանը շեշտել են այս հարցը բանաձևի քվեարկության ժամանակ։ Նա հայտնել է, որ Մոսկվան ու Պեկինը խորհուրդ են տվել եվրոպական երեք երկրին վերադառնալ ԳՀՀԾ-ին և կատարել իրենց պարտականությունները։
«Ի տարբերություն արևմտյան մասնակից երկրների` Իրանը կատարել է ԳՀՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները»,- նկատել է նա։
Աբոլֆազլ Զոհրևանդը նշել է նաև, որ արևմտյան երկրները պետք է հստակեցնեն իրենց ակնկալիքները Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ Իրանի համագործակցությունից։ Նրա կարծիքով` ԳՀՀԾ-ն վնաս է հասցրել Իրանի ազգային հնարավորություններին, իսկ Արևմուտքը չի կատարել պատժամիջոցները չեղարկելու իր խոստումը։
Իրանցի օրենսդիրը հավելել է, որ չնայած այս ամենին` Արևմուտքի գործողությունները չեն ազդում միջուկային ոլորտում Իրանի առաջընթացի վրա։
Ավելացնել նոր մեկնաբանություն