Բաքվի Հանրապետության «հանդուրժողականության» մասին․ «Monument Watch»
«Monument Watch». 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմն սկսեց լայնորեն քարոզել մի թեզ, որի համաձայն՝ Բաքվի Հանրապետությունը (խմբ․) հանդիսանում է բազմամշակութային երկիր, որտեղ պահպանվում են բոլոր ազգային փոքրամասնությունների իրավունքները, խոչընդոտներ չկան այդ ազգությունների կրոնական արարողությունների իրականացման, կրոնական շենքերի կառուցման համար, և որ բազմամշակութային կերպարը բնորոշ է Բաքվին:
Ադրբեջանական կողմը հատկապես 2020 թվականից հետո ակտիվորեն շատացրեց քարոզչական միտում ունեցող նման տեսանյութերի տարածումը՝ դրանով ցանկանալով ի ցույց դնել, որ անհիմն են հայկական մշակութային ժառանգության ավերման, փոփոխության մասին մեղադրանքները, և որ հայերը խնդիրներ չեն ունենա Բաքվի Հանրապետությունում (խմբ․): Որպես փաստարկ ադրբեջանական կողմը 2020 թվականից սկսեց լայնորեն ցուցադրել Բաքվի կենտրոնում գտնվող հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու լուսանկարները, հրապարակել տեսանյութեր՝ իբր տեսեք՝ Բաքվի Հանրապետության (խմբ․) բազմամշակութային քաղաքականությունը, հանդուրժող վերաբերմունքը տարածվում է նաև հայկական մշակութային ժառանգության վրա, և Բաքվի կենտրոնում որպես դրա գրավական կանգուն է հայկական եկեղեցին, որը պահպանվում է, վերանորոգվում ադրբեջանական պետության կողմից:
Եթե մինչև 2023 թվականն այս թեզերի տարածմամբ զբաղվում էին պաշտոնական լրատվականները, ապա 2023 և 2024 թվականներին այս արշավին մասնակից են դարձել Բաքվի Հանրապետությունում (խմբ․) գործող բազմաթիվ մեդիադեմքեր, որոնք փոքրիկ տեսանյութեր են հրապարակում նույն Բաքվի եկեղեցուց: 2024 թվականից դրսևորվում է նոր միտում, որոշ մեդիադեմքեր սկսեցին տեսանյութեր հրապարակել նախկինում հայաբնակ շրջաններում գտնվող կանգուն, գլխավորապես 19-րդ դարի եկեղեցիների մասին՝ ցույց տալու համար, որ ադրբեջանական կողմը պահպանում է նաև Բաքվի (խմբ․) շրջաններում գտնվող հայկական եկեղեցիները: Տեսանյութերը գլխավորապես Գյանջա, Շամխոր քաղաքներից են: Ադրբեջանական կողմը բնականաբար չի ցուցադրում պատմական Ուտիքի, հարակից տարածքների հայկական տասնյակ գյուղերի ավերակները, քանդված, վնասված հայկական եկեղեցիները, գերեզմանոցները: Իրողություններ, որոնք դեռևս խորհրդային տարիներից փաստվում էին հայ մասնագետների և հատկապես Սամվել Կարապետյանի կողմից, որը բարձրաձայնում էր այս հարցը, այդ թվում՝ գիտական տասնյակ հրապարակումների շնորհիվ, որտեղ տեղադրվում էին մեծ դժվարությամբ հայթայթված նոր լուսանկարները:
Ուշագրավ է, որ ադրբեջանական տեսանյութերում նախքան 19-րդ դարը կառուցված եկեղեցիները անվանվում են աղվանական, հայկական են միայն 19-րդ դարում կառուցվածները: Այստեղ ադրբեջանական կողմն անուղղակի կերպով տարածում է նաև հայերի՝ իբր միայն 19-րդ դարում տարածաշրջանում հայտնվելու քարոզչական սուտը: Այս տեսանյութերի շարքում, եկեղեցիներից բացի, կարևոր տեղ է տրամադրվում նաև հայկական գերեզմանոցներին: Ցուցադրվում են լավ վիճակում գտնվող խորհրդային տարիներին և 19-րդ դարավերջին արված թաղումները՝ իբրև թե ապացույց, որ չնայած հակամարտությանը՝ ադրբեջանցիները չեն վնասել նաև հայկական գերեզմանոցները: Այս տեսանյութերի մյուս յուրահատուկ կողմն այն է, որ հատուկ շեշտվում է՝ իբր Հայաստանի տարածքում չկան մահմեդական գերեզմանոցներ, թաղումներ, մզկիթներ, քանի որ հայերը դրանք ավերել են: Մշտապես նշվում է, որ հայերը, ի տարբերություն իրենց, համատարած քանդել են նաև ադրբեջանական գերեզմանոցները: Հընթացս դրսևորվում է և մի նոր մոտեցում. լրատվական տիրույթում բարձրացվում է Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների հարցը. իբր դրանք փոքրաթիվ են, քանի որ հայերը անհանդուրժող են:
Այսպիսով՝ ադրբեջանական կողմը դիմում է ակնհայտ ստախոսության՝ ցույց տալու, որ Բաքվի Հանրապետությունում (խմբ․) հայկական եկեղեցիները, գերեզմանոցները կանգուն են, և դրանք չեն վնասվել:
Ադրբեջանական կողմը որքան էլ քարոզչական միջոցներով փորձի ի ցույց դնել իր «հանդուրժողականությունը», միայն վերջին 4 տարիներին օկուպացված Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման դեպքերը, ինչպես նաև նույն Արցախի տարածքում խորհրդային տարիներին քանդված հարյուրավոր հայկական հուշարձանները խոսում են Բաքվի (խմբ․) անհանդուրժող և ագրեսիվ բնույթի մասին:
Ավելացնել նոր մեկնաբանություն