Ուկրաինայի ՊՆ-ից հայտնել են, թե քանի կին է ծառայում երկրի զինված ուժերում
Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Նատալյա Կալմիկովան հայտնել է, որ այսօրվա դրությամբ երկրի զինված ուժերում ծառայում է գրեթե 70 հազար կին, որոնց մեծ մասը զինծառայողներ են։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է РБК-ի ուկրաինական ծառայությունը՝ հղում անելով Ուկրաինայի պաշտպանության նախարարության հայտարարությանը։
«Այժմ զինված ուժերում ունենք 67 հազարից ավելի կին, որոնցից 19 հազարը աշխատողներ են, մնացածը՝ զինվորականներ»,- ասել է նա։
Կալմիկովան շեշտել է, որ բանակում կանանց թիվը սկսել է աճել դեռ 2014 թվականից, սակայն պատերազմից հետո դինամիկան արագացել է։ Նրա խոսքով՝ չնայած Ուկրաինայում կանանց զորահավաք չի իրականացվում, այնուամենայնիվ նման միտում կա։
Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը հայտնել է՝ այժմ բանակում կանայք ավելի շատ են ընտրում այնպիսի մասնագիտություններ, որոնք «լռելյայն» կանանց չեն համապատասխանում, և կանայք ցանկություն են հայտնում կրակելու, կառավարելու հրետանային կայանքները, անօդաչու սարքերը և այլն։
«2018 թվականին օրենսդրությունը փոխվեց, և կանայք իրավունք ստացան պաշտոններ զբաղեցնելու Ուկրաինայի զինված ուժերում։ Միևնույն ժամանակ, ցավոք, դեռևս ունենք կանանց առաջխաղացման խնդիր։ Այժմ մենք ուղիներ ենք փնտրում այս խնդիրը լուծելու համար, որպեսզի զինված ուժերում կարիերա կառուցել ցանկացող կանայք ունենան այդ հնարավորությունը»,- եզրափակել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն