Իրանի հարավ-արևելքում տեղի ունեցած վերջին ահաբեկչություններում առնվազն 30 օտարերկրացի է ներգրավված եղել
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար Մոհամմադ Պաքպուրը հայտարարել է, որ առնվազն 30 օտարերկրյա քաղաքացի է եղել այն ահաբեկիչների թվում, որոնք վերջերս հարձակումներ են իրականացրել երկրի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
«Վերջերս Սիստան և Բելուջիստան նահանգում իրականացված մի շարք ահաբեկչական հարձակումների ժամանակ 30 զինյալ ահաբեկիչ օտարերկրյա անձնագիր ուներ»,- ասել է ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարը։
Պաքպուրը միևնույն ժամանակ շեշտել է, որ թշնամական հետախուզական ծառայություններն օգտագործում են ահաբեկչական խմբավորումների ներուժը։ Նրա խոսքով՝ թշնամական ծառայությունները պատասխանատու են ահաբեկչական գործողությունների նախապատրաստման և մշակման, ինչպես նաև ահաբեկիչներին զինելու, մատակարարելու, ուղղորդելու և կազմակերպելու համար։
«Օտարերկրյա որոշ երկրներում ստեղծվում են ահաբեկիչների և դիվերսանտների պատրաստման հիմնարկներ, որոնցում վերապատրաստվում են հանցագործություն կատարող անձինք։
Հետաքրքիր է իմանալ, որ այդ ահաբեկիչներին վարձում են ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար։ Սակայն այդ հիմնարկներից մի քանիսը կասեցվել և բացահայտվել է նաև հարևան որոշ երկրներում»,- եզրափակել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն