
Իրանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին օրենքի ստորագրմանը
Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահադորի Ջահրոմին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին օրենքի ստորագրմանը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
«Նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի նախագծի ստորագրմանը»,- ասել է նա։
Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ փաստաթուղթը Իրանի մեջլիսում ընդունվելուց հետո պետք է հաստատվի նաև Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից։
Այս խորհուրդը վերխորհրդարանական մարմին է, որը վերլուծում է պատգամավորների ընդունած օրենքների համապատասխանությունը երկրի Սահմանադրությանը։
Հիշեցնենք, որ Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 25-ին Սանկտ-Պետերբուրգում։
Ավելացնել նոր մեկնաբանություն