Submitted by D.Guyumjyan on
detq

Եմենի վերաբերյալ Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի մեղադրանքներն անհիմն են

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան ու մշտական ներկայացուցիչ Սայիդ Իրավանին հայտարարել է, որ Եմենի վերաբերյալ Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի մեղադրանքներն անհիմն են։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և անվտանգության խորհրդին ուղղված հերթական նամակում Իրավանին նշել է, որ ԱՄՆ-ն ԱԽ-ի ամբիոնը կրկին չարաշահել է անկախ երկրների դեմ մեղադրանքներ հնչեցնելու համար։

«Իրանը կտրականապես հերքում է հնչեցված անհիմն մեղադրանքները։ Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ հավատարիմ է Եմենի իրավիճակի վերաբերյալ ԱԽ բանաձևերին և չի կատարել դրանք խախտող որևէ գործողություն։ Իսլամական Հանրապետությունը մշտապես ընդգծել է Եմենի ճգնաժամի՝ դիվանագիտական ուղիներով խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը և իր հավատարմությունն է հայտնել ծովային անվտանգությանն ու նավագնացության ազատությանը»,- ասել է նա։

Իրանցի դիվանագետի պնդմամբ՝ ԱՄՆ-ն ու այդ երկրի կոալիցիոն գործընկերները շարունակում են ագրեսիա գործադրել Եմենի ինքնիշխանության դեմ ու խախտել այդ երկրի տարածքային ամբողջականությունը, միջազգային օրենքները, ՄԱԿ-ի կանոնադրությունը և ԱԽ համապատասխան բանաձևերը։ Նրա խոսքով՝ այդ գործողությունները վտանգում են տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը, արգելափակում  Եմենում խաղաղ լուծման հասնելու ջանքերը և խորացնում երկրում տիրող հումանիտար ճգնաժամը։

ՄԱԿ-ում Իրանի դեսպանը հավելել է, որ այդ կոպիտ խախտումների պատասխանատուն ԱՄՆ-ն է, որը չի կարող հերքել այս փաստը. «Ուստի Եմենի իրավիճակի վերաբերյալ կեղծ տեղեկության տարածումը չի կարող արդարացնել կամ օրինականացնել ԱՄՆ-ի ագրեսիան Եմենի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն