Բաքուն նախապայման է դնում, որ մենք չպետք է զինվենք, և շարունակում իր միլիտարիզացիայի քաղաքականությունը. Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը տելեգրամյան ալիքում գրում է. «Երեկ Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը հարցազրույց է տվել, որի որոշ հետաքրքիր ու կարևոր հատվածներ մաս-մաս կներկայացնեմ այստեղ։
Այսպես, նա ասել է․ «Խոսելով մեր ռազմական համագործակցության մասին՝ մենք առաջին հերթին նշում ենք եղբայրական Թուրքիային։ Դուք միանգամայն ճիշտ նկատեցիք, որ Շուշայի հռչակագրի համաձայն, մենք դաշնակիցներ ենք, երկու բանակների ինտեգրումը բարձր մակարդակի վրա է ոչ միայն կրթության և վերապատրաստման, այլ բոլոր ոլորտներում։ Նույնիսկ մեր կառավարման կետերը կապված են միմյանց հետ։ Մենք համատեղ գործունեություն ենք ծավալում։ Մեր հարգարժան պարոն նախագահը մի հայտնի խոսք ունի՝ «Մեկ ազգ, երկու պետություն և մեկ բռունցք»։
Կան ուսուցման տեսակներ ինչպես կրթության, այնպես էլ վերապատրաստման ոլորտում: Ինչպես գիտեք, փորձի փոխանակում է կատարվում, մեծ աշխատանք է տարվում ռազմարդյունաբերության ոլորտում։ Շուտով, պարոն նախագահի ընդունած որոշման հիման վրա, Ադրբեջանում կկազմակերպվի նաև ամենաժամանակակից սպառազինության և տեխնիկայի կամ դրանց մասերի արտադրություն։ Հատկապես ուզում եմ նշել, որ ուրախալի է, որ եղբայրական Թուրքիայի ռազմական արդյունաբերությունը սրընթաց զարգանում է։ Խոսքը ոչ միայն «Բայրաքթարի», «Ակընջիի» մասին է, այլ հարցեր էլ կան։ Պետք է ասեմ, որ, մասնավորապես, վերջին տարիներին Թուրքիայի ռազմական արդյունաբերությունը մեծ զարգացում է ապրել։ Բնականաբար, Ադրբեջանը նույնպես օգտվում է դրանից։ Այս ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են բարձր տեմպերով»։
Այստեղ, Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը փաստացի ևս մեկ անգամ խոստովանում է, որ բանակների կառավարումն իրագործվում է համատեղ, բնական է չէ՞, որ ադրբեջանական բանակի ղեկավարությունը չի իրականացնում թուրքականի ղեկավարումը, այլ հենց թուրքական կողմն է կառավարում ադրբեջանական բանակը։ Սա արդեն ակնհայտ է 2020 թվականի արցախյան պատերազմից սկսած։ Ադրբեջանի բանակի կառավարումն իրականացրել է թուրքական կողմը։ Կան նաև հստակ անուններ, որոնցից մեկը թուրքական բանակի գեներալ գնդապետ Բախտիյար Էրսայն է, որը նշանակվել է Հասանովի խորհրդական, իրականում Հասանովը որևէ դերակատարում չունի, բանակի ղեկավարումը հենց Էրսայի ձեռքում է։
Հարցազրույցի շրջանակներում Հասանովը ասել է․ «Դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում աշխարհում: Ցավոք, իրավիճակը օրեցօր թեժանում է։ Պատերազմներն ընդլայնվում են, պատերազմների մեջ ներգրավված երկրների թիվն ավելանում է, և յուրաքանչյուր պետություն միջոցներ է ձեռնարկում իր անվտանգությունն ապահովելու համար։ Մենք տեսնում ենք, որ պաշտպանական արդյունաբերության նախարարությունը ստեղծումը հարգարժան պարոն նախագահի մեծ հեռատեսության հաստատումն է։ Հիմա պետք է հերթ կանգնել աշխարհում զենք գնելու համար։ Ցավոք, ամբողջ աշխարհը զինվում է։ Եթե հիմա համեմատենք ներկայիս իրավիճակը հինգ տարի առաջվա հետ, մեծ փոփոխություններ կտեսնենք։ Հետևաբար, մենք արդեն հասել ենք դրան լիովին պատրաստված:
Մենք հնարավորություն ունենք ապահովելու մեր կարիքների առնվազն 70 տոկոսը: Մեր նպատակն է սա ավելի բարձր մակարդակի հասցնել: Խոսքը հրաձգային զենքերի մասին է։ Հիմա մենք մեր առջև նպատակ ենք դրել ապահովել մեզ արկերով ու հրթիռներով։ Վստահեցնում եմ, որ պարոն նախագահի յուրաքանչյուր խոսքի հետևում գործողություններ են, այս ուղղությամբ մեծ աշխատանք է տարվում։ Ադրբեջանին տրվել են խնդիրներ, որոնք մենք, ինշալլահ, լուծելու ենք, և սա ուրախալի փաստ է, մենք մեզ կապահովենք ամենաժամանակակից զենքով, տեխնիկայով և սպառազինությամբ։ Մենք կօգտագործենք եղբայրական Թուրքիայի հնարավորությունները և կհիմնենք համատեղ արտադրություն»։
Հասանովը ևս մեկ անգամ հաստատում է, որ Ադրբեջանը շարունակելու է իր միլիտարիզացիայի քաղաքականությունը։ Հենց այդ ֆոնին է, որ Հայաստանի կողմից զենքի գործարքի մասին ցանկացած պայմանավորվածության ժամանակ Բաքուն իրեն իրավունք է վերապահում միջամտել մեր ներքին գործերին ու նախապայման դնել, որ մենք չպետք է զինվենք։ Սա այն դեպքում, երբ ինչպես իրենք են ասում՝ ամբողջ աշխարհը զինվում է, իսկ Ադրբեջանը դրանից բնավ ետ չի մնում»։
Ավելացնել նոր մեկնաբանություն