Իրանում այսօր լռության օր է, վաղը՝ քվեարկության
Իրանի Իսլամական Հանրապետությունում նախընտրական քարոզարշավն ավարտվել է, այսօր արդեն երկրում լռության օր է։ Այս մասին «Դետք»-ը տեղեկանում է իրանական լրատվամիջոցներից։
Հաղորդվում է, որ այսօր Իրանի ընտրական շտաբը բոլոր թեկնածուներին, կուսակցություններին, քաղաքական շարժումներին, նրանց կողմնակիցներին առաջարկել է ձեռնպահ մնալ որևէ ագիտացիոն միջոցառումից, ինչպես նաև չկրել որևէ ագիտացիոն սիմվոլիկա քվեարկության օրը։
Երկու շաբաթում, որոնք հատկացվել էին նախընտրական քարոզչության համար, թեկնածուների միջև կայացել է հեռուստաբանավեճերի հինգ փուլ։ Դրանցից յուրաքանչյուրը նվիրված էր կոնկրետ թեմայի՝ տնտեսություն, արտաքին քաղաքականություն, մշակույթ, սոցիալական քաղաքականություն և կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացում։
Սոցհարցումների վերջին արդյունքների համաձայն, որոնք իրականացվել են նախընտրական արշավի ընթացքում, ներկա պահին առաջատարի դիրքում է բարեփոխական Մասուդ Փեզեշքիանը, որին ոչ մեծ տարբերությամբ հաջորդում են Սայիդ Ջալիլին և Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
Հիշեցնենք, որ Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին։ Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակվեցին այն բանից հետո, երբ մայիսի 19-ին այդ երկրի նախագահական ուղղաթիռը վթարի էր ենթարկվել, որի հետևանքով զոհվել էր 8 բարձրաստիճան պաշտոնյա, այդ թվում՝ նախագահ Էբրահիմ Ռայիսին և ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն