Ղալիբաֆը ընտրապայքարի 2-րդ փուլում կաջակցի Ջալիլիին
Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ, նախագահի արդեն նախկին թեկնածու Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նախագահական ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ իր աջակցությունն է հայտնել պահպանողական թեկնածու Սայիդ Ջալիլիին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է` Ղալիբաֆը կարևորել է, որ հեղափոխական բոլոր ուժերն ընտրությունների երկրորդ փուլում հանդես գան միասնական ճակատով։
«Եվ խնդրում եմ հեղափոխական բոլոր ուժերին ու իմ կողմնակիցներին օգնել, որպեսզի շարժումը, որը դարձել է մեր տնտեսական և քաղաքական խնդիրների զգալի մասի պատճառը, չվերադառնա իշխանություն»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Իրանի նախագահական ընտրությունը տեղափոխվեց երկրորդ փուլ այն բանից հետո, երբ հունիսի 28-ին կայացած առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չկարողացավ հավաքել ձայների 50 տոկոսը։
Առաջին փուլի արդյունքներով ամենաշատ քվեները ստացել էին ծագումով թյուրքախոս Մասուդ Փեզեշքիանը և պահպանողական Սայիդ Ջալիլին։ Ղալիբաֆը, որն ընտրապայքարի սկզբում համարվում էր առաջատար թեկնածուներից մեկը, զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։
Ավելացնել նոր մեկնաբանություն