Ուղիղ 300 տարի առաջ Մեղրիում ոչնչացվել է 11 000 թյուրք զինվոր
Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը գրում է. «Ուղիղ 300 տարի առաջ՝ 1724 թ. հունիսին–հուլիսի սկզբին, Մեղրիում հայոց զինուժը ջախջախել է թյուրքական մեծաթիվ՝ 18-հազարանոց մի բանակ։ Այն բաղկացած էր Օրդուբադի 12 000-անոց և դրան Արաքսի հարավային շրվաններից միացած 6-հազարանոց թյուրքական դաշնակից զորախմբերից։ Թշնամու զորքից կոտորվել է 11 000 հոգի։
Այս օրերին ոչ ոք, կարծես, չի հիշում այս հաղթանակը (եթե սխալվում եմ, խնդրում եմ, ուղղեք)։ Իմ պատմագիտական հետազոտություններում մանրամասնորեն քննել ու բացահայտել եմ այս նշանակալից պատմական իրադարձության ժամանակագրությունն ու կարևոր հանգամանաքները։ Այստեղ ընդամենը մի քանի տողով համառոտագրեմ եղելությունը՝ հուսալով, որ առնվազն գոնե Սյունիքում և, իհարկե, Մեղրիում կհիշեն ու կտոնեն հայոց փառահեղ այս հաղթանակի 300-ամյակը։
Հարձակումը Մեղրիի վրա եղել է բավականին անսպասելի։ Հնգօրյա կռիվներից հետո թյուրքական զորքը կարողացել է գրավել Մեղրու Փոքր թաղը։ Մեղրու բնակչությունը կենտրոնացել է Մեծ և Միջին թաղերում, որոնց պաշտպանությունն իրականացնելն ավելի հեշտ էր, քանի որ Փոքր թաղը գետի մյուս ափին էր։ Մեղրեցիք սուրհանդակների միջոցով շտապ օգնություն են հայցել մոտակա գավառներում տեղակայված հայոց զորքերից։
Չավնդուր գավառում (այսօրվա Կապանի շրջակայքում) 2 օրում գումարվել է 2000-անոց հայկական մի ընտիր համահավաք զորագունդ՝ վիրահայ զորավար, Դավիթ-բեկի հավատարիմ զինակից Բայանդուր իշխանի գլխավորությամբ։ Նրա զորքի մեջ էր նաև անվանի զորապետ Ստեփանոս Շահումյանը։ Այդ օգնական հեծյալ զորախումբը, գիշերային սրընթաց ռազմերթ կատարելով, ծածկաբար հասել ու մտել է Մեղրի պաշարման յոթերորդ օրվա սկզբին։
Հայոց օգնական զորքի ժամանումից ժամեր առաջ՝ նույն գիշերով Մեղրու կայազորն ինքն է դիմել խիստ հանդուգն մի քայլի֊ Այն կանխարգելիչ հարված է հասցրել գետի մյուս ափին ճամբար դրած թշնամուն՝ պատճառելով նրան լուրջ կորուստներ և փախուստի մատնելով մի ամբողջ 2000-անոց զորագունդ։ Այդպիսով զգալիորեն պակասեցվել է Մեղրին պաշարող բանակի քանակը, ինչպես նաև, անշուշտ, վնասվել է նրա մարտական ոգին։ Սակավաթվության պատճառով, սակայն, Մեղրիի զինուժը չի կարողացել ինքնուրույնաբար զարգացնել այդ գիշերային հաջողությունը և վերադարձել է քաղաք։
Առավոտյան Բայանդուր «սպարապետը», իր չավնդուրցի և կենավուզցի մարտիկներից բաղկացած 2000-անոց զորքին կցել է վեց օր շարունակ քաղաքը պաշտպանած Մեղրիի կայազորը, ապա այդ նոր համահավաք զորագունդը բաժանել է երեք 860-հոգանոց գումարտակի։ Այսինքն՝ Բայանդուրի հրամանատարության տակ էին, ընդհանուր առմամբ, 2580 մարտիկ, որոնցից 580-ը Մեղրիի կայազորի մարտիկներն էին։ Եթե այս 580-ին գումարենք նաև այն որոշակի կորուստները, որ Մեղրիի կայազորն անխուսափելիորեն տված պետք է լիներ նախընթաց թեժ մարտերում, ապա պաշարման նախօրյակին նրա թվակազմում եղած պետք է լիներ նվազագույնը 600-700 մարտիկ։
Գլխավոր ճակատամարտը տեղի է ունեցել Մեղրիի պաշարման յոթերորդ օրը։ Հայկական զորքը, Բայանդուրի գլխավորությամբ, անմիջապես անցել է հարձակման իրեն թվապես վեց անգամ գերազանցող թշնամու դեմ (այդ պահին թշնամու զորքը պետք է կազմեր արդեն 15-16 հազար մարդ)։ Թշնամին ջախջախվել է՝ տալով, ինչպես վերը նշվեց, 11 000 սպանված։ Հայերն ահռելի ռազմավար են առգրավել՝ զենք, զինամթերք, զինվորական հանդերձանք, ձիեր և գրաստներ. «...եւ առին զամենայն զկահ զկարասի բանակի նոցա, զզէն զսուր եւ զամենայն գործիս պատերազմին»։
Այս մեծ հաղթանակի ձեռքբերման գործում պետք է առանձնացնել հատկապես Մեղրիի գումարտակի հրամանատարների ու մարտիկների արհեստավարժությունը և մարտական բարձր պատրաստվածությունը, որը հաստատվում է ինչպես թշնամու երեսնապատիկ գերակշիռ ուժերի դեմ 6-օրյա հաջող դիմադրությամբ, այնպես էլ գլխավոր ճակատամարտի նախօրեին փոքրաթիվ ուժերով գիշերային նշված կանխարգելիչ հարվածն իրականացնելու կարողությամբ։
Հետևաբար, հաջորդ օրը հայկական միացյալ զորքի տարած մեծ հաղթանակը մեծապես պայմանավորված էր Մեղրիի գումարտակի գիշերային արշավի հաջողությամբ։ Գլխիվայր շրջելով հարձակվող-պաշտպանվող հարաբերությունը, մեղրեցիներն ամբողջությամբ տիրել էին նախաձեռնությանը։ Հենց այդ հանգամանքն էլ հմտորեն օգտագործեց Բայանդուր իշխանը՝ Մեղրի հասնելուն պես հարձակման անցնելով և այդպիսով թույլ չտալով թվական գերազանցություն ունեցող թշնամուն ուշքի գալ ու վերադասավորել իր խախտված մարտակարգը։ Բայանդուր իշխանի շտապ ձեռնարկած հարձակումն ուներ նաև կանխարգելիչ բնույթ, քանի որ, հայկական հրամանատարության տեղեկությունների համաձայն, Արաքսի հարավային ափից մահմեդական մեծաթիվ մի զորք պատրաստվում էր գալ ու միանալ Մեղրին պաշարած ուժերին։
Բնականաբար, հայոց զորքում մարտական ոգու վերելքին, բացի մեղրեցիների գիշերային հաջող մարտարշավից, մեծապես նպաստել էր նաև Չավնդուրից Մեղրիին օգնության եկած կենավուզյան-չավնդուրյան 2000-անոց ընտիր միացյալ զորագնդի ժամանումը։
Բացի տեղի գումարտակի բացառիկ հմտություններից, եղել են ևս մի քանի կարևոր գործոն, որոնք նպաստել են Մեղրիի հաջող պաշտպանությանը։
Նախ, քաղաքի ղեկավարությունն ու զինվորական հրամանատարությունը նախապես խելամտորեն հոգ էր տարել նաև Մեղրին պաշտպանող հին բերդը վերակառուցելու մասին՝ հատուկ հարմարացնելով այն հրազենի արդյունավետ կիրառման համար։
Երկրորդ, Մեղրիի գումարտակը հագեցած էր նորագույն հրազենով. յուրաքանչյուր մարտիկ, ըստ ամենայնի, բացի սրից զինված է եղել նաև կայծքարի հրացանով՝ «կալան զանցս գետոյն զինուք եւ թուփանկովք (=հրացաններով)»։
Երրորդ, թշնամու բազմապատիկ գերակշիռ ուժերի դեմ արդյունավետ պաշտպանությունը հնարավոր էր միայն մեղրեցի մարտիկների՝ հրազենին և դրա կիրառման նորագույն մարտավարությանը լավ տիրապետելու, մասնավորապես արդյունավետորեն համատեղ համազարկեր տալու շնորհիվ։ Իսկ միասնաբար համազարկեր տալը մարտիկներից պահանջում էր նախնական լուրջ վարժվածություն ու խստագույն կարգապահություն։ Այս մարտավարությունը, ըստ ամենայնի, Սյունիք էին ներմուծել ու տարածել Դավիթ-բեկի հետ Վրաստանից ժամանած փորձառու և հմուտ հայ զորականները։
1727 թ. Մեղրիում տոնվեց ևս մեկ մեծ հաղթանակ, երբ օսմանյան 22,000-անոց կանոնավոր զորքը, կրելով ծանր կորուստներ, դուրս շպրտվեց քաղաքից ու հարակից շրջաններից։
ՓԱ՛ՌՔ, ՓԱ՛ՌՔ ՀԱՅՈՑ ՔԱՋԵՐԻՆ։
Հ.գ. Առավել մանրամասն 1724 թ. Մեղրիի ճակատամարտի և հարակից դեպքերի մասին կարելի է կարդալ հետևյալ մենագրությանս մեջ՝ «Արևելահայության ժողովրդագրությունը XVII–XVIII դարերում և հայոց զորքի թվակազմը 1720-ական թվականներին» գիրքը (Եր.: «ՆՏ Հոլդինգ», 2022, էջ 520-534»։
Ավելացնել նոր մեկնաբանություն